ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ ռուսաստանցիները կարող են Իրանից հեռանալ Հայաստանով
Ռուսաստանի քաղաքացիները կարող են Իրանից ցամաքային ճանապարհով հեռանալ Հայաստանով, հայտնել է Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը։ Մենք տեղեկացնում ենք Ռուսաստանի քաղաքացիների համար Իրանից Հայաստան ցամաքային ճանապարհով մեկնելու լրացուցիչ տարբերակների մասին՝ իրանա- հայաստանյան սահմանի «Նորդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, նշվել է դիվանագիտական առաքելության Telegram-ալիքի հայտարարությունում։
Դեսպանատանն ավելացրել են, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումը անվճար է օտարերկրյա կամ ներքին վավեր անձնագրերով, նախնական ծանուցում չի պահանջվում։
Դիվանագիտական առաքելությունը նաեւ մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Մեղրիից Երեւան, ապա՝ Ռուսաստան հասնելու վերաբերյալ։ Մասնավորապես, մասնավոր ավտոբուսներն ամեն օր մեկնում են Հայաստանի մայրաքաղաք. մեկնումը՝ ժամը 07:30-ին Մեղրիի քաղաքային հրապարակից, մեկ տեղի արժեքը 5 հազար դրամ է (13 դոլար)։ «Ագարակ» անցակետից տաքսիներ են մեկնում Երեւան, տեւողությունը՝ 7,5 ժամ, հեռավորությունը՝ 328 կիլոմետր, արժեքը՝ մոտ 50 հազար դրամ (130 դոլար) կամ մեքենայում մեկ տեղի համար՝ 10 հազար դրամ (26 դոլար)։
Մեղրիից Կապան կարելի է հասնել նաեւ տաքսիով (1.5 ժամ ճանապարհ դեպի Երեւան, արժեքը՝ 12 հազար դրամ, (31 դոլար), որի օդանավակայանից երկուշաբթիից ուրբաթ ժամը 13:00-ին կանոնավոր չվերթ է իրականացվում դեպի Երեւան։ Օրական մինչեւ 20 ուղիղ չվերթ է իրականացվում Երեւանից Ռուսաստան՝ մի քանի ավիաընկերությունների կողմից։ «Խորհուրդ է տրվում ուշադիր հետեւել ռուսաստանյան արտասահմանյան հաստատությունների, ավիաընկերությունների եւ տուրօպերատորների հաղորդագրություններին/զգուշացումներին։ Անհրաժեշտության դեպքում զանգահարել արտակարգ իրավիճակների հեռախոսահամարով»,- ընդգծել են դեսպանատանը։