ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70 մլն դոլար, Ասիական զարգացման բանկից՝ մինչև 35 մլն դոլար, և Միջազգային ֆինանսական կորպորացիայից՝ մինչև 20 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց։ Նկատենք, սակայն, ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար։ Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Ընդ որում, ըստ փաստաթղթերի, ՀԷՑ-ի բաժնետոմսերի միայն 70 %-ն է պատկանում Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությանը։ Մյուս 30%-ի սեփականատերն այլ իրավաբանական անձ է՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Դեռևս 2015-ին մամուլը գրել էր, որ օֆշորային այս ընկերությունը ևս փոխկապակցված է Սամվել Կարապետյանի հետ։ Ուշագրավ է, որ թեև ընկերության 2016-ի հաշվետվությունում է նշվում, որ «ՀԷՑ» բաժնետոմսերի 100%-ը «Տաշիր» ընկերությունների խմբին անցել է 2016 թ. դեկտեմբերի 28-ից, Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու է դարձել 2009 թվականին: ՀԷՑ-ի 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության վերջնական հսկող անձն է Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը:

Հաշվետվությունից նաև տեղեկանում ենք, որ 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժնետիրական կապիտալում 100% բաժնեմասը շարունակում է գրավադրված մնալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց:

Ի դեպ, ՀԷՑ-ը գրավով վարկ է ստացել նաև ՀՀ կառավարությունից՝ 2016 թ-ին, մոտ 6 մլրդ դրամի չափով: Ընդհանուր առմամբ՝ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի և փոխառությունների գծով 2024-ի տարեվերջին կազմել են 77․2 մլրդ դրամ (մոտ 200 մլն դոլար)։ Միաժամանակ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը 2024-ին բյուջե է վճարել 12․3 մլրդ դրամ հարկ։