Գորիսում քննարկվել է «R2D Սյունիք» ծրագրի ընթացքը. Տեսանյութ
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «R2D Սյունիք» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտային և ծրագրի փորձագետ Տիգրան Ավագյանին։
Հանդիպման նպատակն էր քննարկել Գորիս համայնքի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր։Հանդիպման առանցքում Որոտան բնակավայրի խմելու ջրագծի կառուցման հարցն էր։
Ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալությունը համայնքին կտրամադրի 15 կմ երկարությամբ խողովակներ, իսկ շինարարական աշխատանքները կիրականացնի Գորիսի համայնքապետարանը։ Նշվել է, որ խողովակների գնման գործընթացն արդեն մեկնարկել է, և շուտով Որոտանի բնակիչների համար խմելու ջրի խնդիրը վերջնականապես կլուծվի։
Քննարկման մյուս կարևոր թեման քաղաքի գլխավոր աղբավայրի սանիտարական մաքրման և բարեկարգման ծրագիրն էր։ Համայնքի ղեկավարը հյուրերի հետ քննարկել է ծրագրի մանրամասները։ Նախատեսվում է ամբողջությամբ ծածկել աղբավայրը և դրա փոխարեն հիմնել քաղաքի ամենագեղեցիկ այգիներից մեկը՝ ստեղծելով նոր կանաչ գոտի և հանգստի միջավայր բնակիչների համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Խնձորեսկի համայնքային ՀԷԿ-ի (հիդրոէլեկտրակայանի) կառուցման ծրագրին, որը ևս կմեկնարկի առաջիկայում։ Այս նախաձեռնության գլխավոր նպատակն է Խնձորեսկ բնակավայրի գիշերային լուսավորությունն ամբողջությամբ դարձնել անվճար՝ էներգախնայողության միջոցով։
Հանդիպման արդյունքում կողմերը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ և սահմանել են ժամկետներ՝ նախանշված բոլոր ծրագրերն արագ տեմպերով կյանքի կոչելու համար։Այս ծրագրերն իրականացվում են «R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։