ԱՊՀ դատափորձագիտական ոլորտի մասին համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ՀՀ–ում
ԱՊՀ մասնակից պետությունների՝ դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրով կողմերը ստեղծում են ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքնությունների մարմինների ղեկավարների միջպետական խորհուրդ: Խորհուրդը ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին է, որն իր իրավասությունների շրջանակում ապահովում է ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների փոխգործակցության կազմակերպումն ու համակարգումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ դատափորձագիտական ոլորտում մասնագիտական համագործակցությունը։
Կողմերից յուրաքանչյուրը նշանակում է պետական իրավասու մարմին, որը պատասխանատու է համաձայնագրի դրույթների իրականացման և դատափորձագիտական ազգային մարմինների միջև համագործակցության համակարգման համար:
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. հոկտեմբերի 13–ին և ուժի մեջ է մտել 2024 թ. հունիսի 5–ին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: Հայաստանն այն վավերացնում է այս տարի։