Հա-ռուսական ապրանքաշրջանառության ծավալի՝ մոտ 6 մլրդ դոլարի կորուստ է ակնկալվում

ԵՄ հետ Հայաստանի մերձեցումը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա. տարեվերջին երկրները մոտ 6 մլրդ դոլար կկորցնեն։ Սա ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականն է, ըստ որի. «Այս տարի միտումը շարունակվում է։ Եվ մենք ներկայում 3 մլրդ դոլար անկում ունենք։ Ակնհայտ է, որ տարեվերջին մոտ 6 մլրդ դոլար կկորցնենք»:
Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է, որ «ինքը Հայաստանում հեռանկարներ չունի, քանի որ հեռանկար չկա նաև Եվրամիության հետ փոխգործակցության»։
Ընդգծվել է, որ Մոսկվան և Երևանը հասկանում են կարգավորիչ միջավայրը բարելավելու անհրաժեշտությունը՝ տնտեսական ցուցանիշների մակարդակը վերականգնելու համար։ Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը և փոխադարձ հաշվարկների խնդիրը։