Փաստաթղթավորելով ծախսերը՝ շրջհարկի դաշտում գործող տնտեսվարողներն ավելի քիչ հարկ կարող են վճարել. ՊԵԿ

2025 թվականից շրջանառության հարկի դաշտում գործող առևտրական գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսը հարկերը կհաշվարկի նոր մեխանիզմով։ Փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկի դրույքաչափը 10% է սահմանվել, սակայն տնտեսվարողներն իրենց կողմից կատարված փաստաթղթավորված ծախսերի հաշվին ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն ունեն։ Առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կարող են շրջանառության հարկի գումարից նվազեցնել ապրանքների ձեռքբերման, այսինքն՝ սկզբնական արժեքի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ը։ Այսինքն՝ 10 % հարկ վճարելու փոխարեն, տնտեսվարողը հնարավորություն կունենա վճարել շատ ավելի քիչ հարկ։

Եթե առաջին եռամսյակում, օրինակ, առևտրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն դրամ, ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքը 4 միլիոն դրամ, իսկ այլ ծախսերը՝ 1 միլիոն դրամ, ապա առաջին եռամսյակում ծախսերի 9.5% նվազեցման արդյունքում շրջանառության հարկը 600 000 դրամի փոխարեն կկազմի 125 000 դրամ։  Սակայն շրջանառության հարկի նվազագույն չափը եկամտի 1%-ից պակաս չպետք է լինի։

                Հաշվարկ․

Շրջանառություն՝        6             մլն         դրամ

Սկզբնական արժեք՝   4             մլն         դրամ

Այլ ծախսեր՝ 1 մլն դրամ

Ընդհանուր ծախս՝ 4 + 1 = 5 մլն

Նվազեցում՝ 5 մլն × 9.5% = 475,000 դրամ

Սկզբնական հարկ՝ 6 մլն × 10%  = 600,000

Վճարման ենթակա՝ 600,000 - 475,000 = 125,000 դրամ:

Առուվաճառք իրականացող տնտեսվարողը կկարողանա նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ապրանքների սկզբնական արժեքը, մասնավորապես՝

ապրանքների ձեռքբերման գինը,

տեղափոխման ծախսերը,

չփոխհատուցվող հարկերը,

և ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ  ծախսեր։

Բացի այդ, տնտեսվարողը նվազեցնելու հնարավորություն ունի նաև փաստաթղթերով հիմնավորված վարչական և իրացման ծախսերը, մասնավորապես՝

աշխատակիցների աշխատավարձերը,

տարածքի վարձակալության և կոմունալ ծառայությունների վճարները,

տրանսպորտային միջոցի վարձակալության և վառելիքի ծախսերը,

ինչպես նաև մարկետինգային, հաշվապահական, իրավաբանական ծառայությունների կամ խորհրդատվությունների համար վճարվող գումարները։

Ծախսերի մեջ կարող են ներառվել նաև POS տերմինալների միջնորդավճարները և ՀԴՄ սարքերի սպասարկման վճարները։

ՊԵԿ-ն ամփոփել է նաև առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողներին ուղղված աջակցության ծրագրի առաջին եռամսյակի արդյունքները։ Վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով գումար և լրացուցիչ աջակցություն ստանալու համար ոլորտի ներկայացուցիչները պետք է էլեկտրոնային դիմում ուղարկեն Կոմիտե և բավարարեն որոշ չափանիշների։ Առաջին եռամսյակի համար աջակցության ծրագրից օգտվելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմել է 106 տնտեսվարող։ 71 տնտեսվարողի հայտը բավարարվել է, որոնց մասով հաշվարկվել և վերջիններիս փոխանցվել  է մոտ 30 մլն դրամ աջակցության գումար։ Հիշեցնենք, որ 2-րդ եռամսյակի համար աջակցությունից օգտվելու համար առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները դիմումները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև օգոստոսի 1-ը ներառյալ՝ դիմումին կից ներկայացնելով նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։