Տնտեսավարողներին կտրամադրվի օժանդակություն՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ըստ հիմնավորման՝ բյուջեով հաստատված Ծրագիր 1-ի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններից ստացվող թիրախային ապրանքների վերամշակման համար ձեռքբերման նպատակով, որպես շրջանառու միջոց, տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ծրագիր 2-ի շրջանակում թիրախային ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը իրացնող տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ-ում իրացման յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամի չափով։ Այս մասին հայտնում են կառավարությունից:
Որոշմամբ՝ ծրագիր 1-ի և 2-ի իրականացման նպատակով հատկացվում է 150 մլն դրամ՝ վերաբաշխման միջոցով։ Ծրագիր 1-ի դեպքում՝ ինն ամսվա համար հատկացվում է 25 մլն դրամ, տարեկան նախագծի շրջանակներում ՝ 50 մլն դրամ։ Ծրագիր 2-ի դեպքում ՝ կիսամյակի համար նախագծի շրջանակներում հատկացվում է 35 մլն դրամ, ինն ամսվա համար՝ 65 մլն դրամ, տարեկան՝ 100 մլն դրամ։
Հաշվի առնելով, որ ծրագրերը պիլոտային ծրագրեր են, և Ծրագիր 1-ի դեպքում վարկի մայր գումարի մարումներից կախված հնարավոր է վարկի տոկոսադրույքի արժեքային փոփոխություններ՝ ելնելով վարկի սուբսիդավորման համար նախատեսված 50 մլն դրամ բյուջեից, նախնական գնահատմամբ հաշվարկվել է 1 մլրդ 260 մլն դրամ ընդհանուր գումարով վարկի տրամադրում։ Ծրագիր 2-ի դեպքում հաշվարկվել է 10,000 տոննա սեփական արտադրության թիրախային ապրանքի իրացում։