ԱԶԲ հետ քննարկվել են ավտոճանապարհների օգտագործմանը և պահպանմանը վերաբերող հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության և գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։
Նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ նշելով ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ոլորտում արդյունավետ, օգտավետ և շահութաբեր մեթոդները Հայաստանում կիրառելու հնարավորությունները, որոնցից մեկը հանդիսանում է արդյունքների և կատարողականի վրա հիմնված ճանապարհային պայմանագրերի (Performance-based Road Contracts) մոդելի կիրառումը։
ԱԶԲ փորձագետ Ալմազբել Գալիևը ներկայացրել է նշված մեթոդի կիրառման մարտահրավերները և առկա հայեցակարգերը, ինչպես նաև դա կիրառող երկրների կողմից գրանցված արդյունքները։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ իրականացնելու համատեղ ուսումնասիրություններ, ներկայացնել փորձագիտական գնահատումներ և առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի ճանապարհների պահպանման կատարողականի բարելավմանը։