ԺԷԿ–ի թղթով կամ զինգրքույկով են ճշտում՝ այդ մարդը կապված է մահացածի հետ, թե ոչ. ավագանու անդամը «Թաղման բյուրոյի» մասին
Թվայնացման հետ կապված շատ կոնկրետ հարցադրում ունեմ. «Քաղաքացիների հատուկ սպասարկման» ՀՈԱԿ–ը (Թաղման բյուրո–խմբ) նախնադարյան ինչ-որ տրամաբանությամբ է աշխատում, ԺԷԿ–ի թղթով կամ զինգրքույկով են ճշտում՝ այդ մարդը կապված է մահացածի հետ, թե ոչ։
«Այսինքն, պետք է դա թվայնացնել ամբողջական և ունենալ պատկերը թվայնացված թե՛ գերեզմանատների և թե՛ մարդկանց ունեցած իրավունքների հետ կապված։ Դրա հետ կապված որևիցե աշխատանք նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ»,- Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. « Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք «ԵՍ» նախագծի մեկնարկի մասին՝ «Yerevan Electronics Services» նոր հարթակի մասին, որտեղ արդեն գրեթե մեր բոլոր ծառայությունները թվայնացված, դեռևս վեբ ֆորմատով ունենալու ենք։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից բոլոր հնարավոր մատուցվող ծառայությունները, ենթադրում եմ ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չի լինելու և մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ այս «Ես» հարթակը ունենա հավելվածներ և Android-ի, և iOS-ի համար։
Ինչ վերաբերում է հատուկ սպասարկման ՀՈԱԿ–ին, անպայմանորեն հարցին կանդրադառնանք։ Կանդրադառնանք ոչ միայն բուն թվայնացման մասով, այլև հենց բիզնես պրոցեսների պարզեցման մասով, որտեղ որ հնարավոր է, օրինակ, եթե ինչ-որ մի թուղթ ուզում ենք, բայց այդ թուղթը կարող ենք մեր interoperability հարթակից ստանալ, ԷԿԵՆԳ–ից ստանալ ավտոմատ կերպով, վստահորեն հենց այդպես էլ կանենք»։
Արամ Թորոսյանը տարակուսեց. «Այսինքն որ հարց չտայինք այդ «ես»–ի մասին չէինք իմանալո՞ւ։ Ինչպես ավտոբուսների վճարների հետ կապված ուշ իմացանք, առաջարկ արեցինք, չընդունվեց, խնդիրներ եղան։ Հիմա մաղթում եմ հաջողություն, բայց դուք ավագանու հետ շատ վատ եք աշխատում, հարգելի իշխանավոր, գրեթե չեք աշխատում»։
Ավինյանն էլ արձագանքեց. «Պարոն Թորոսյան, ցավում եմ, որ այդ կարծիքն ունեք։ Մենք աշխատում ենք նույնիսկ չբարձրաձայնած ձեր հարցերին լուծումները տալ և երկուշաբթի օրը, եթե ներկայացված զեկույցի վերաբերյալ թեկուզ մեկ հարց կունենաք, մեծ հաճույքով մենք կլսենք ձեր կարծիքը դրա մասին»։