Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման և կողմերի միջև համագործակցության համար։
Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաև մինչև 1 մլն եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV և փուլ V» ծրագրերի կամ դրանց շրջանակներում կնքվող վարկային պայմանագրերի կնքմանը: