Հաստատվել է երեխա ունեցող ընտանիքներին աջակցության ծրագիրը
Հաստատվել է երեխա ունեցող ընտանիքներին աջակցության ծրագիրը: Առաջարկում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրով նախատեսված վճարումները կատարելու համար 2025 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով։
«Ծրագրի շրջանակում 2025 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1.8 միլիարդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն և առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցներըսպառվել են, ուստի անհրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված հանձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ 300 միլիոն դրամ, շուրջ 410 շահառու ընտանիքների համար։
Հունիսի մեկի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից աջակցություն է ստացել 13,285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։
Ծրագրի դիմելիության ներկայիս տեմպը պահպանվելու դեպքում երկրորդ կիսամյակի ընթացքում հավանաբար կրկին անհրաժեշտություն կունենանք ևս ֆինանսական միջոցների հայտ ներկայացնել»,– կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Փոխնախարարը հավելեց, որ ծրագիրը ունի երկու բաղադրիչ. «Առաջին բաղադրիչով, եթե ընտանիքը ունի արդեն առնվազն երկու անչափահաս երեխա և ցանկանում է տուն ձեռք բերել որեւէ մարզային բնակավայրում, այդ դեպքում պետությունը աջակցում է կանխավճարի տեսքով։ Երկրորդ բաղադրիչն այն է, որ երբ երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքը ունի հիպոթեք, այդ դեպքում առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում մինչև 500 հազար դրամ և երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ միանվագ ուղղում է մայր գումարի մարմանը»։