Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Սարգիս Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Գյուլբենկյան 35/2) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ շաուրմայի պատրաստման խոհանոցային հատվածը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանություն. սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով (հումքի և ձեռքերի լվացումը կատարվել է նույն լվացարանի մեջ). պատուհաններին առկա միջատասպան ցանցերը եղել են կեղտոտ և պատռված. սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։