Քննարկվել են ՀՀ-ում շրջանաձև տնտեսության զարգացման հեռանկարները

Դիլիջանում անցկացվել է շրջանաձև տնտեսության թեմայով Հայաստանում առաջին միջազգային ֆորումը՝ մեկ հարկի տակ հավաքելով հարյուրից ավելի ոլորտի դերակատարների և Իմփաքթ Հաբ Ցանցի ավելի քան 150 ներկայացուցիչների աշխարհի 40 երկրներից։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «CirculUP!» Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում։

«Ինչպես գիտեք, Հայաստանում այսօր գեներացվող թափոնների 90%-ն ի վերջո հայտնվում է աղբավայրերում կամ թափոնակուտակիչներում: Սա բերում է նրան, որ վատնվում են ռեսուրսներ նաև վնաս է հասցվում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը։ Մենք փորձում ենք այս ծրագրի միջոցով Հայաստանում ներկայացնել Եվրոպական միության տարածքում գործող լավագույն փորձը:

Ընդհանրապես շրջանաձև տնտեսությունը ԵՄ-ում ներդրվել է 2015 թվականից և այդ ժամանակահատվածից մենք կարողացել ենք կուտակել լավագույն փորձի որոշակի օրինակներ, որոնք մեզ հնարավորություն են տվել տեսնելու, թե ինչպես կարելի է խնայել ռեսուրսներ, ինչպես կարելի է ստանալ տնտեսական օգուտ` միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղ և զբաղվածություն։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ շրջանաձև տնտեսությունը ներդրվի նաև Հայաստանում»,– ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Զուզաննա Սորոցինովան

Ֆորումի շրջանակում կայացած պանելային թեմատիկ քննարկմանը ոլորտի առաջատար ներկայացուցիչները՝ կառավարոթյունից, բիզնեսից, միջազգային գործընկերներից և փորձագիտական համայնքից, ներկայացրին իրենց տեսլականը և անդրադարձան այն փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացման, ինտեգրման և ներքին պոտենցիալի առավել արդյունավետ օգտագործման համար։

«Սա պարզապես կոնֆերանս չէ: Սա շրջադարձային կետ է»,- ասում է Իմփաքթ Հաբ Ցանցի գործադիր տնօրենը Տատյանա Գլադը,— Հայաստանը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական նախագծերից և ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռներեցները, ներդրողները և քաղաքացիները համատեղ ստեղծում են երկարաժամկետ լուծումներ»:

Խոշորածավալ այս միջոցառումը արդյունավետ հարթակ էր նաև մեր երկրում շրջանաձև տնտեսության մոդելով գործող բիզնեսների գրանցած հաջողությունները ներկայացնելու և միջազգային ամուր համագործակցություն ստեղծելու համար։ Ֆորումի ընթացքում անցկացվեց շրջանաձև մոդելով աշխատող բիզնես ընկերությունների ցուցադրություն, որտեղ «CirculUP!» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունները ներկայացրեցին իրենց կողմից կիրառվող նորարարական շրջանաձև լուծումներն ու մոդելները։

«CirculUP!» ծրագրի շրջանակում ավելի քան 100 ստարտափ, ՓՄՁ և քաղաքացիական հասարակության կազմակերպություն ստացել են շրջանաձև տնտեսության վերաբերյալ փորձագիտական վերապատրաստում։ Երկու տասնյակից ավելի բիզնես ընկերություններ և ՔՀԿ-ներ ստացել են ավելի քան 500,000 եվրոյի դրամաշնորհներ շրջանաձև մոտեցումների հանրայնացման և բիզնեսում շրջանաձև գործիքներ ներդնելու նպատակով։

«CirculUP!»-ը նպաստում է նաև ոլորտային քաղաքականության ձևավորմանը՝ համագործակցելով պետական կառույցների հետ Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի (ACEC) միջոցով, որը ձևավորվել է հենց ծրագրի շրջանակում։ Այս տարվա ընթացքում ծրագիրը նախատեսում է իրականացնել համապարփակ հետազոտություն՝ գնահատելու շրջանաձև տնտեսության զարգացման ներուժը Հայաստանում և ապահովելու ոլորտի դերակատարներին անհրաժեշտ տվյալներով՝ առավել փաստահեն որոշումների կայացման համար։

«Հայաստանը դառնում է տարածաշրջանային առաջնորդ շրջանաձև տնտեսության և սոցիալական նորարարությունների բնագավառում: Ֆորումը եզակի հնարավորություն է Հայաստանում այս ոլորտով հետաքրքրված անձանց համար՝ միջազգային կապեր հաստատելու, տեղական փորձով կիսվելու և օտարերկրյա գործըկերների հետ համատեղ նախագծեր իրականացնելու առումով: «CirculUP!»-ը ապացուցում է, որ նույնիսկ փոքր երկրներում հնարավոր է մեծ համակարգային փոփոխություն, երբ մենք միասին ենք աշխատում»,- ասում է «CirculUP!»-ի ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը:

«Խնդրի վրա հիմնված էկոհամակարգերի կառուցման մեթոդաբանությունը», որը նախատեսված է ներառականության և համագործակցության միջոցով բարդ խնդիրների լուծման համար: