Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը կվերականգնվի այսօր. դեսպան

Իրանի և Հայաստանի փոխհարաբերությունները որևէ պահ չեն դադարել, և երկրների միջև փոխադարձ այցելությունները նույնիսկ ակտիվացել են։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա ընդգծեց, որ հայկական կողմն ունի հստակ դիրքորոշում՝ դատապարտել Իրանի դեմ ագրեսիան։

«Մենք ականատես ենք եղել հայ ժողովրդի միասնական և հոգևոր աջակցությանն՝ Իրանի ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում», - ասաց Սոբհանին։

Դեսպանն աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին և կառավարությանը։ «Ընկերներին ճանաչում են ուրախության և տխրության մեջ», - ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ բոլոր համատեղ նախագծերը շարունակվում են։

Նա նշեց, որ հանդիպել է իրանական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրականացնում են իրենց նախագծերը Հայաստանում և կոչ է արել նրանց շարունակել իրենց գործունեությունը նույն տեմպերով։

«Իրանում իրավիճակը ներկայումս կարգավորվել է, բոլոր աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով։ Ես լի հույսով եմ, որ այսօրվանից Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը նույնպես կվերականգնվի», - ասաց նա։