2025-ի աշնանը Գյումրիում «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան» դռները կբացի առաջին ուսանողների համար
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի» ներկայացուցիչներին՝ տնօրեն Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են շվեյցարական կրթական մոդելով, Լոզանի հյուրընկալության դպրոցի կողմից լիցենզավորված նոր մեկնարկելիք մասնագիտական ուսուցման միջազգայնորեն ճանաչված ծրագրին վերաբերող հարցեր։
Դավիթ Առուշանյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է հանդիպել և քննարկել լուրջ կարևորության մի ձեռնարկ, որը նպաստելու է սպասարկման ոլորտի զարգացմանը ողջ Հայաստանում, իսկ այն որ դասընթացներն ու ողջ կրթական պրոցեսը կազմակերպվելու և իրականացվելու է Գյումրիում՝ արդեն առանձնակի կարևորություն ունի։
«Ուրախ եմ, որ Գյումրին է դիտարկվում որպես ակադեմիայի կրթական ծրագրի իրականացման վայր, շատ ճիշտ որոշում է, քանի որ մեր մարզկենտրոնն իսկապես զարգացող զբոսաշրջային քաղաք է, որը մեծ ներուժ ունի թե որպես կոլորիտային, թե որպես պատմամշակութային քաղաք։ Իհարկե բարդ ճանապարհ կունենանք անցնելու, որպեսզի սպասարկման բնագավառում դրական փոփոխություններ ունենանք, սակայն կարծում եմ հյուրանոցային և ռեստորանային ոլորտների զարգացման գործում բարձր որակավորմամբ և մրցունակ աշխատուժի ձևավորումը, կբերի ցանկալի արդյունքների»,- նշել է Շիրակի մարզպետը՝ վստահեցնեով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում անել հնարավորը նախաձեռնությունն օր առաջ կյանքի կոչելու, գործընթացը լավարկելու և լիարժեք իրականացնելու համար։
Խաչիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք մասնագիտական ուղղություններով՝ «Խոհարարություն», «Սնունդ և խմիչք», «Հյուրանոցային վարչարարություն»՝ ներգրավելով բարձր որակավորմամբ, փորձառու, վերապատրաստված և հավաստագրված մասնագետ-դասախոսների։
Ըստ «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի» ներկայացուցիչների, ակադեմիայի գործունեությունը Գյումրիում նոր դռներ կարող է բացել քաղաքի ինչպես հյուրընկալության ոլորտի զարգացման, այնպես էլ տարածաշրջանում որպես կրթական գերազանցության կենտրոն դիրքավորման համար։