Որքան հնարավոր է շուտ պետք է սկսենք մետրոյի Աջափնյակի կայարանի շինարարությունը. քաղաքապետ
ետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը ստացված է։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հունիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ այդ բոլոր գործընթացներն ավարտին հասցնելու հիմքով ֆինանսավորման վերջին տրանշի ֆինանսավորման փաստաթղթերը ներկայացված են արդեն աշխատակազմի ֆինանսական վարչություն։ «Բացի դրանից նաև կառուցման հարակից ազդեցության ենթարկվող տարածքում մենք օտարման գոտի ունենք՝ նախնական ուսումնասիրված։ Օտարման գործընթացները պատշաճ իրականանցնելու համար արդեն իսկ հաստատման է տրված գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը, որը ուղարկում ենք կառավարություն շրջանառության և կառավարության որոշում ստանալու համար, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ մեկնարկենք։
Միաժամանակ նաև մեր տնային առաջադրանքն ենք կատարում, որպեսզի գտնենք այն մեթոդաբանությունը, որով որ կկարողանանք շինարարական աշխատանքները արդեն այս տարի մեկնարկել։ Ձեզ լրացուցիչ կներկայացնենք առաջարկ այդ մասին»,–ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Շատ կարևոր աշխատանք ենք ամփոփում, Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքները ամբողջապես ընդունված են, փորձաքննությունները բոլորը անցած են։
Հաջորդ թիվ արդեն պետք է քննարկենք ֆինանսավորման հարցերը։ Մեր հիմնական նպատակն է ամենասեղմ ժամանակամիջոցում իրականացնել ծրագիրը, այսինքն շինարարությունը սկսել, ինչքան հնարավոր է շուտ։ Հետևապես մեր հիմնական նպատակը պետք է լինի սեղմ ժամկետները, որովհետև նախագիծը ունենք, կարանք գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի պրոցեսները, այդ ճանապարհով պետք է գնանք»։