Աշխատանքային հանդիպում Կոտայքի վարչական ղեկավարների, ֆերմերների և սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարողների մասնակցությամբ
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների, մարզի վարչական ղեկավարների, ֆերմերների և սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարողների մասնակցությամբ:
Նպատակն էր՝ իրազեկել գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի կարևորության մասին և քննարկել ոլորտային հարցերը:
Ծրագիրն իրականացվում է պետության կողմից, որին իր աջակցությունն է ցուցաբերում «Ագրոբիզնեսի և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաև հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։