ԱԺ-ն քննարկել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունը
Նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը՝ ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայումս հսկիչ նշանների (QR կոդեր) համակարգում հետագծելիությունն ապահովվում է շղթայի սկզբում՝ արտադրողի և ներմուծողի մոտ, ու վերջում՝ ՀԴՄ-ով վաճառքի ժամանակ: Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ կան դեպքեր, երբ դրանք չեն ֆիքսվում. ոչ միշտ է վաճառքն իրականացվում ամբողջական ապրանքներով, այլ կատարվում է մաս-մաս: Օրինակ՝ ռեստորաններում կամ պետական մարմիններում մատուցվող ծառայությունների դեպքերում:
Խնդրի լուծման նպատակով գործադիրն առաջարկում է օրենքում սահմանել լիազորող նորմ, ըստ որի՝ Կառավարությունը կսահմանի այն դեպքերը և կարգը, երբ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս պահին գործադիրում քննարկվում է տնտեսվարողի կողմից տեղեկատվության փոխանցումը կոմիտե բջջային հավելվածի միջոցով՝ վաճառքի շղթայի մասին ամբողջական պատկերացում ունենալու համար:
Հաջորդ փոփոխություններով վերանայվում և մեղմվում են տուգանքների կիրառման մասով պատասխանատվության միջոցները: Զեկուցողը նշել է, որ ներկայումս հարկային մարմնին տեղեկատվություն չփոխանցելը հավասարեցված է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտմանը, որի համար տուգանք է սահմանված: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել տուգանքների նոր սանդղակ: Այսպիսով՝ նախատեսվում է յուրաքանչյուր նույնականացման միջոցը շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տուգանել 30 հազար դրամի չափով: Այս մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը: Նույն խախտումը հաջորդող մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով. սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը: Իսկ նույն ժամանակաշրջանում խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Այս դեպքում սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:
Ներկայացված փոփոխություններից մեկով էլ առաջարկվում է կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը: