Հետք. Ի՞նչ նպատակով են վերախոշորացվում Վաղարշապատ և Խոյ համայնքները
Ազգային ժողովն այսօր՝ 2025թ. հուլիսի 1-ին, արտահերթ նստաշրջան էր գումարել, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Վաղարշապատ համայնքի վերախոշորացմանը: Նախատեսվում է ձևավորվել Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվելու են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով: Կառավարությունն այն ներկայացնում է որպես «Տեղական ինքնակառավարման մասին» և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում առաջարկվող լրացումներ և փոփոխություններ: Դրա հիման վրա վերոնշյալ համայնքում 2025թ. նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել համայնքի ավագանու ընտրություն:
Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու Կառավարության հիմնավորումն այն է, որ 2016թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 64 համայնք:
Ըստ հիմնավորման՝ վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում համայնքների միավորումն իրականացվել է հիմնականում երկու մոդելով՝ «փնջային» և «շրջանային»:
2018-2019 և 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021թ. իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ:
Ուսումնասիրելով անցած տարիների փորձը` Կառավարությունը գտել է, որ «շրջանային» մոդելով համայնքների միավորումն ունեցել է առավելություններ «փնջային» մոդելի համեմատությամբ: Մասնավորապես, խոշոր համայնքներն ունեն ավելի մեծ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսներ, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ենթակառուցվածքները, մատուցել ավելի որակյալ և իրականացնել ավելի լայնածավալ ծրագրեր: Իսկ մի շարք վարչական գործառույթներ կենտրոնացվել և իրականացվել են ավելի նվազ ծախսերով, քան փոքր համայնքներում:
Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ խոշոր համայնքները ավելի գրավիչ են բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, ինչը նպաստել է կառավարման որակի բարձրացմանը և նորարարությունների ներդրմանը: Շրջանային մակարդակում ավելի հեշտ է համակարգել համայնքների գործողությունները և արագացնել կարևոր որոշումների կայացման գործընթացը:
Նշվում է նաև, որ խոշոր համայնքներն ավելի մեծ ներքին շուկա են ներկայացնում և ավելի գրավիչ են ներդրողների համար: Շրջանային մակարդակում հնարավոր է դարձել մշակել և իրականացնել ավելի լայնածավալ զարգացման ծրագրեր: Բացի այդ, խոշոր համայնքները ավելի մեծ հնարավորություններ են ստացել մասնակցելու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին, ինչը նպաստել է տնտեսական ակտիվության աճին:
Խոշոր համայնքները ավելի լայն հնարավորություններ կարող են ստեղծել բնակիչների համար կրթության, առողջապահության, մշակույթի և սոցիալական ծառայությունների հասանելիության առումով՝ անկախ բնակության վայրից: «Շրջանային» մոդելով համայնքների միավորումը կարող է օգնել հավասարեցնել զարգացման մակարդակները տարբեր համայնքներում և այլն:
«Այս հիմնավորումները ցույց են տալիս, որ համայնքների խոշորացումը շրջանային մոդելով կարող է էականորեն բարելավել կառավարման արդյունավետությունը, խթանել տնտեսական զարգացումը, ամրապնդել սոցիալական համախմբվածությունը և բարձրացնել տարածքային պլանավորման որակը»,- նշված է օրենքի նախագծերի հիմնավորման մեջ:
Նշենք, որ Վաղարշապատ և Խոյ համայնքները խոշորացվել են 2021թ-ին, այսինքն՝ ոչ թե վաղ անցյալում, այլ 2018թ. իշխանափոխությունից հետո: Վաղարշապատ համայնքը բաղկացած է Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից, իսկ Խոյ համայնքի կազմի մեջ մտնում է 17 գյուղ: Այդ ժամանակ Խոյ համայնքի ղեկավար ընտրվեց Արգիշտի Մեխակյանը: Սակայն, նա հրաժարական տվեց և 2024թ. դեկտեմբերին նշանակվեց Արմավիրի մարզպետ: Մեխակյանը զբաղեցրել է նաև Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Կառավարությունը թեև այս խոշորացումը ներկայացնում է որպես բարեփոխում, մինչդեռ իրական նպատակը քաղաքական է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ցանկանում է Արգիշտի Մեխակյանին տեսնել այս անգամ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, և այս փոփոխությունները հենց այդ նպատակով են իրականացվում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն այսօր նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց, որ նույն հիմնավորումները բերվել են նաև 2021թ.-ին, երբ խոշորացվել են համայնքները:
Նյութն ամբողջությամբ՝ hetq.am