Քննարկվել է Շիրակի մարզում աշխատանքների ընթացքը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին։ Մարզպետը կարևորելով մարզում իրականացվող շինարարության որակն ու ժամկետների պահպանումը՝ լսել է շրջայցերի և մշտադիտարկումների զեկույցներն ու նշել, որ այցելություններն առավել հաճախակի են դառնալու, իսկ վերաբերմունքի մեջ կարմիր գծերը չեն փոխվել։
«Աննախադեպ է Շիրակում իրականացվող շինարարության ծավալը, Կառավարությունը հսկայական միջոցներ է ուղղում տարբեր ոլորտներ՝ թե կրթական հաստատությունների, թե մանկապարտեզների կառուցման, թե ճանապարհաշինության, թե բժշկական հաստատությունների նոգոման առումով, մեզ մնում է անել ամեն բան, որ թերացումներ չլինեն։ Դրա համար այցելությունները շինհրապարակներ, դիտարկումներն ու ստուգումները իրականացվում են շինարարության մեկնարկից և կշարունակվեն մինչև ավարտը։ Ինձ համար արտոնյալ շիարարներ, տեխհսկողներ ու պատասխանատուներ չկան, բոլորը մեկ տիրույթում են դիտարկվում՝ պետական միջոցները պետք է ծախսվեն նպատակային և առանց թերացումների»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Այնուհետև անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերին, դրանց իրականացման ընթացքին ու վերահսկողությանը, որից հետո քննարկվել են առողջապահական հիմնախնդիրները բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքները, նոր սարքավորումներով համալրելուն առնչվող հարցերը, ինչպես նաև մարզի բուժհիմնարկներում սպասարկման որակի բարձրացմանը։
«Առողջությունն ամենաթանկն է բոլորիս կյանքում, ուստի պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բուժհաստատություն ոտք դնելիս քաղաքացին իրեն զգա պաշտպանված և վստահ, որ այլևս մայրաքաղաք գնալու անհրաժեշտություն չկա և որ իր խնդիրը կարելի է լուծել տեղում՝ խնայելով և ժամանակ, և գումար։ Մեր անելիքն այստեղ խիստ վերահսկողությունն է և հոգացավությունը։ Հատկապես առողջության առաջնային պահպանման օղակում անելիքներ շատ ունենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»,-նշել է մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է համայնքային խնդիրներին, մարզպետի աշխատակազմ-համայնքներ համակարգված աշխատանքներին ու համագործակցությանը, փաստաթղթաշրջանառությանն ու ներքին կարգապահության ապահովմանը։