Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը. այն ուղարկվել է դատարան
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ս.-ն, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետև՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Մ. Բ.-ն և վերջինիս պատկանող կազմակերպությունները:
Ծրագրվածն իրագործելու նպատակով Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի մասնակցությամբ գործող ընկերությունը, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված ռուսական երկու ընկերությունների հետ համատեղ 2006 թ. փետրվարի 20-ին հիմնադրել են նոր ընկերություն: Ս. Ս.-ն, Մ. Բ.-ի միջոցով մասնակցելով նշված ընկերության հիմնադրմանն ու կառավարմանը, հանձնարարել է այդ ընկերության 50 տոկոս բաժնեմասը ձևակերպել Մ. Բ.-ին պատկանող ընկերության անվամբ, իսկ մյուս 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ գրանցվել է ռուսական երկու ընկերությունների սեփականության իրավունքը:
Այնուհետև Ս. Ս.-ն Մ. Բ.-ից պահանջել է հիմնադրված նոր ընկերության՝ վերջինիս պատկանող բաժնեմասի 22,5 տոկոսը որպես կաշառք փոխանցել իր եղբորորդու և ՀՀ երկրորդ նախագահի որդու կողմից հիմնադրված ընկերությանը: Կատարելով Ս. Ս.-ի պահանջները՝ 2008 թ. մարտի 14-ին Մ. Բ.-ն իր ընկերության բաժնեմասի նշված մասը ձևական գործարքի միջոցով վաճառել է հիշյալ անձանց ընկերությանը, ինչպես նաև նոր հիմնադրված ընկերությունում կատարել է ներդրում:
2013 թ. վերը նշված նոր հիմնադրված ընկերության գործունեության ձախողման պատճառով օտարերկրյա ներդրող կազմակերպությունները նպատակադրվել են վաճառել նշված ընկերությունում իրենց բաժնեմասերը, ինչով պայմանավորված՝ Ս. Ս.-ն, փաստացի կառավարելով նշված գործընթացը, հանձնարարել է Մ. Բ.-ին դիմել ՀՀ-ում գործող, իր մտերիմին պատկանող բանկային կազմակերպությանը՝ 14.000.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար և վերադարձնել ռուսական երկու ընկերությունների կատարած ներդրումները, ինչը վերջինս կատարել է: Դրանից հետո Ս. Ս.-ն Մ. Բ.-ի հետ նպատակադրվել է վաճառել վերջինիս պատկանող կազմակերպությունների, այդ թվում՝ նոր հիմնադրված ըկերության ակտիվները: Միևնույն ժամանակ Ս. Ս.-ն որոշել է նշված գործարքը ծառայեցնել իր դստեր ամուսնու և նրա հետ փոխկապակցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեությանը նպաստելուն:
Արդյունքում Մ. Բ.-ն հիմնադրել է նոր ընկերություն, որին փոխանցվել են մյուս ընկերությունների ակտիվները, այդ թվում՝ Երևանում և մարզերում գտնվող 23 բենզալցակայանները, նավթամթերքի բազան և Արարատի մարզի Սուրենավան համայնքում գտնվող՝ բիտում արտադրող գործարանը: 2015 թ. օգոստոսի 22-ին Ս. Ս.-ի դստեր ամուսու հետ փոխկապակցված ընկերությունը 40.000.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Մ. Բ.-ի հիմնադրած նոր ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ինչով պայմանավորված՝ հնարավորություն է ստացել ՀՀ բենզինային վառելիք ներկրելու մենաշնորհ ստանալ: Դրանից հետո Ս. Ս.-ն Մ. Բ.-ից պահանջել է իր եղբորորդու և ՀՀ երկրորդ նախագահի որդու ընկերությանը նախկինում որպես կաշառք ձևական գործարքով փոխանցված 22,5 տոկոս բաժնեմասի դիմաց ՀՀ երկրորդ նախագահի որդուն տալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.000.000 ԱՄՆ դոլար, որից հետո Մ. Բ.-ն վերջինիս նախաձեռնությամբ իրեն ներկայացված կեղծ փոխառության պայմանագրի հիման վրա նրա ընկերությանն է փոխանցել նշված առանձնապես խոշոր չափերով գումարը:
Նախաքննության ընթացքում Ս. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան» - նշված է հաղորդագրության մեջ: