Քննարկվել է վարկային համաձայնագրի վավերացման հարցը

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 236,000,000 եվրոյի չափով վարկ: Այն կֆինանսավորի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի մաս կազմող Հյուսիսային ենթահատվածի կառուցման աշխատանքները:
Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է կլիմային եւ աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը շուրջ 2 ժամով, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:
Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացման հարցը:
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի կառուցում, ընդհանուր շուրջ 1.8 կմ երկարությամբ 3 թունելների, ընդհանուր շուրջ 3 կմ երկարությամբ 16 կամուրջների, 83 հեղեղատների, 28 բետոնե հենապատերի կառուցում:
Շինարարության տեւողությունը 6 տարի է, որակի համար պատասխանատվության ժամկետը՝ 2 տարի: Վարկը տրամադրվելու է 24.5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 12 տարի, մարման ժամկետը՝ 12.5 տարի: Տարեկան տոկոսադրույքը կկազմի շուրջ 3.4 տոկոս:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը: