Մարտին Գալստյանը մասնակցել է Եվրոպական կենտրոնական բանկի ամենամյա բարձր մակարդակով ֆորումին
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Պորտուգալիայի Սինտրա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ամենամյա բարձր մակարդակով ֆորումը՝ «Հարմարվելով փոփոխություններին․ մակրոտնտեսական միտումները և քաղաքականության արձագանքները» խորագրի ներքո։ Ֆորումին մասնակցել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Միջոցառման շրջանակում մեկ վայրում էին համախմբվել աշխարհի առաջատար կենտրոնական բանկերի ղեկավարները՝ ներառյալ ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը, եվրագոտու երկրների կենտրոնական և ազգային բանկերի նախագահները, Անգլիայի բանկի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական կառույցների հայտնի ներկայացուցիչներ։
Ֆորումի օրակարգում քննարկվել են աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունների մակրոտնտեսական ազդեցությունները, դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմների արդյունավետությունը, ոչ բանկ ֆինանսական հաստատությունների պրուդենցիալ վերահսկողության խնդիրները, միջազգային առևտրի նոր միտումները, ինչպես նաև Եվրոպայի տնտեսական աճի ներուժին առնչվող հարցերը։
Ֆորումի շրջանակում կազմակերպվել են նաև առանձին պանելային քննարկումներ՝ անդրադառնալով եվրագոտում դրամավարկային քաղաքականության և կենտրոնական բանկերի հաղորդակցության ոլորտներում առկա մարտահրավերներին՝ հատկապես փոփոխվող համաշխարհային տնտեսության պայմաններում: