Ստարտափի գլոբալ համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարելավել է դիրքերը. հիմնական գործոնը Plug and Play-ի մուտքն է Հայաստան
2024-ին ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհային մրցույթ էր հայտարարել՝ նպատակադրվելով ՀՀ բերել միջազգային ակսելերացիոն ծրագիր իրականացնող աշխարհի խոշոր 5 ընկերություններից մեկին: Մրցույթը շահել էր ամերիկյան Plug and Play ընկերությունը, որը 2024-2025 թվականներին Հայաստանում 26-շաբաթյա ակսելերացիոն ծրագիր էր իրականացրել: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 3-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ծրագրի հիմնական նպատակն էր դեռևս սաղմնային կամ գաղափարի փուլում գտնվող խմբեր հավաքագրել, իրականացնել մենթորային և խորհրդատվական աշխատանքներ՝ նրանց համար ապահովելով գաղափարից մինչև բիզնես կամ պրոտոտիպի, պրոդուկտի ստացման շթղա, միաժամանակ ներդրումներ ներգրավելու համար ապահովել համապատասխան ցանց:
«Բոլոր հայաստանյան ստարտափները ծրագրի շրջանակում հնարավորություն են ստացել Սիլիկոնյան հովտում համապատասխան կոորպորացիաների հետ աշխատանքներ իրականացնել, կապեր ձեռք բերել, գործարքներ կնքել, ինչը, մեր գնահատմամբ, ծրագիրը դարձնում է չափազանց արդյունավետ»,- ասաց նա:
Հաշվի առնելով այն համգամանքը, որ Կառավարության համար ստարտափ էկոհամակարգի զարգացումը կենսական նշանակություն ունի տնտեսական զարգացման համատեքստում, քանի որ դրա առանցքում նորարար, տեխնոլոգիական գաղափարկներն ու լուծումներն են, սա նաև հնարավորություն է տալիս ստեղծելու նոր աշխատատեղեր, ուստի ԲՏԱ նախարարն առաջարկում է ընկերության հետ երկարաժամկետ համագործակցություն հիմքեր ստեղծել:
«Ունենալով նաև հաջողության պատմություն Plug and Play-ի հետ՝ արդեն երկարաժամկետ համագործակցության հիմքեր ենք ցանկանում դնել, և մինչև 2028 թվականը պայմանագիր ստորագրել Plug and Play-ի հետ, որն արդեն իսկ լավագույնս ծանոթ է հայաստանյան շուկային, էկոհամակարգին»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ դրա արդյունքում ընկերությունը Երևանում կունենա գրասենյակ և մշտական ներկայացվածություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինանը հավելեց՝ սրանով արձանագրում ենք, որ ոլորտի համաշխարհային խոշոր խաղացողներից մեկն արդեն ներկայություն ունի ՀՀ-ում:
Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ նաև նմանատիպ ծրագրերի շրջանակում նոր գիտելիքներ ու կարողություններ ՀՀ բերելուն:
«2024 թվականին բավականին բարձր որակավորում ունեցող 46 մասնագետներ տարբեր փուլերում ժամանել են Հայաստան, որոնք գաղափարի փուլից մինչև պրոդուկտի ստացում և միջազգային շուկաներ դուրս գալու այս ամբողջ շղթայում աշխատանք են կատարել, մենթորություն են արել, խորհրդատվական ծառայություններ են իրականացրել, տվել են գիտելիքներ և հմտություններ»,- ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս հրապարակվել է ստարտափի գլոբալ համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը վերջին տարիների համեմատությամբ ամենաբարձր ցատկն է կատարել՝ բարելավելով դիրքը 3 հորիզոնականով և հայտնվելով 54-րդ տեղում: Հիմնականում գործոնը եղել է Plug and Play-ի մուտքը Հայաստան: