Սև և գունավոր մետաղներից պատրաստված ապրանքների ՀՀ–ից արտահանման արգելքը երկարաձգվեց
Հայաստանից սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ ՀՀ կառավարության որոշմամբ, այս ապրանքների արտահանման արգելքի ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսի 31–ին։ Նոր ժամկետը կգործի 2025 թ. օգոստոսի 1–ից մինչև 2026 թ. փետրվարի 1–ը։
«Կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունն այս որոշումն ընդունել է` հաշվի առնելով այս ոլորտի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար և ելնելով ոլորտային ձեռնարկությունների գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից։
Նշվում է, որ արտահանման արգելքի` նախորդ ժամկետի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը շարունակական աճի բնույթ է կրում։