ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը
ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Երկրորդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ երեկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկումից հետո նախագիծը լրամշակվել է, մասնավորապես, երկու նոր օրենքներով։ Առաջարկվել է կառավարության կողմից ներառել նախագծի փաթեթում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ Վարդանյանի՝ ներկայացված օրենսդրական փաթեթի հիմնական նպատակն է կառավարության լիազոր մարմնի կողմից համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահին տալ համապատասխան լիազորություն վարույթ հարուցելու և վարույթ հարուցելու շրջանակում կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ։