Վարորդական իրավունքը կթվայնացվի

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտի, այլև՝ թվային տարբերակով։
Ընդունված փոփոխությունների փաթեթով նախատեսված է, որ  եթե վարորդն իր մոտ պլաստիկ քարտ չունենա, դա տուգանք չի առաջացնի։
Մեքենայի հաշվառման և վարորդական վկայականների թվայնացումը հնարավորություն է տալիս ֆիզիկական, պլաստիկ քարտին զուգահեռ ունենալ նաև էլեկտրոնային, թվային տարբերակով վկայական, որը ՀՀ տարածքում իրավաչափ կհամարվի։
Պարեկները տեխնիկապես կարող են անձի դեմքի նույնականացմամբ թվային հարթակում` պլանշետներում տեսնել նրա վարորդական ամբողջ կենսագրությունը։
Նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։
Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։