Թեթև ավտովթարների դեպքում երթևեկելի հատվածը պետք է ազատել 20 րոպեում
Թեթև ավտովթարների դեպքում ճանապարհի երթևեկելի հատվածը պետք է ազատել 20 րոպեում։ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ պատահարի հետևանքով հասցված գույքային վնասը չի գերազանցում սահմանված 400 հազար դրամի շեմը. այս դեպքում Ակողմերը «Ավտոապահովագրական մեկ պատուհան» հավելվածում (ASWA համակարգ) լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը։
Ընդունումից հետո երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի դեպքում, եթե կողմերը փոխադարձ համաձայնության են եկել մեղավորության վերաբերյալ, ապա պատահարի պահից առավելագույնը 20 րոպեի ընթացքում վարորդները պարտավոր են տեղափոխել մեքենաները օրենքով չարգելված այլ վայր և ազատել երթևեկելի հատվածը։ Պարտավորությունն այն դեպքում է, եթե պատահարի հետևանքով ավտոմեքենան չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը։
Երթևեկելի հատվածը 20 րոպեի ընթացքում չազատելու դեպքում նրանք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։
Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սահմանված ժամկետը կլինի 20 րոպե, այնուհետև համակարգի լավարկումից հետո ժամանակը կարող է կրճատվել և հասցվել առավելագույնը 5-10 րոպեի։