ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է դաշնային բյուջեից ավելի քան 6 միլիարդ դոլարի հատկացումը լրացուցիչ կրթական ծրագրերի համար: Այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ կրթության նախարարության պարզաբանող գրությունը:

Նշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կրթության և աշխատանքի հարցերի հանձնաժողովի անդամ Բոբի Սքոթն այդ որոշումն անվանել է դաշնային օրենսդրության խախտում, որը «վնաս կհասցնի սովորողներին, ուսուցիչներին և դպրոցներին»: 

Նրա խոսքով՝ միջոցների կարիք ունեցող ուսումնական հաստատությունները «հարկադրված կլինեն կա՛մ արձակել աշխատակիցներին, կա՛մ կրճատել ծրագրերն ու ծառայությունները»:

Հեռուստաալիքի մեկ այլ աղբյուր նշել է, որ նահանգների գլխավոր դատախազները պատրաստվում են դատի տալ ԱՄՆ վարչակազմին՝ ֆինանսավորումը կրճատելու որոշման համար: