Աշխարհում միլիոնատերերի կարողությունը 2024 թվականին աճել է 4,2%-ով, միլիոնատերերի թիվը ՝ 2,6%-ով
Աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի ընդհանուր կարողությունը 2024 թվականին աճել է 4,2%-ով և կազմել 90,475 տրիլիոն դոլար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Capgemini ընկերության ամենամյա Համաշխարհային հարստության մասին զեկույցը։
2017-2024 թվականների ընթացքում միջին տարեկան աճի տեմպը կազմել է 3,7%։
Միլիոնատեր է համարվում այն անձը, որն ունի 1 մլն ԱՄՆ դոլար և ավելի իրացվելի ներդրվող կարողություն:
Մեծ կարողություն ունեցող անհատների թիվը 2024 թվականին աճել է 2,6%-ով՝ հասնելով ավելի քան 23,413 միլիոնի: Յոթ տարվա միջին տարեկան աճը կազմում է 3,8%:
- Հյուսիսային Ամերիկայում ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 8,9%-ով (մինչև 29,9 տրիլիոն դոլար),
- Եվրոպայում՝ 0,7%-ով (մինչև 19 տրլն դոլար),
- Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 4,8%-ով (մինչև 26,9 տրլն դոլար),
- Մերձավոր Արևելքում՝ 0,9%-ով (մինչև 3,5 տրիլիոն դոլար),
- Աֆրիկայում՝ 4,7%-ով (մինչև 1,9 տրիլիոն դոլար)։ Միևնույն ժամանակ, Լատինական Ամերիկայի ցուցանիշը նվազել է 2,6%-ով (մինչև 9.2 տրիլիոն դոլար):
Հյուսիսային Ամերիկայում մեծ կարողություն ունեցող անհատների թիվն աճել է 8,4%-ով՝ հասնելով ռեկորդային 8,4 միլիոնի, Ասիայում՝ 2,7%-ով (7,6 միլիոն), իսկ Աֆրիկայում՝ 3,8%-ով (0,2 միլիոն): Միաժամանակ նվազում է գրանցվել այլ տարածաշրջաններում. Եվրոպայում՝ 2,1%-ով (մինչև 5.7 միլիոն մարդ), Մերձավոր Արևելքում՝ նույնպես 2,1%-ով (0,9 միլիոն), Լատինական Ամերիկայում՝ 8,5%-ով (0,6 միլիոն):