Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի գինը սպառողների համար բացասական է եղել

Վերջին կես տարվա ընթացքում Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի գինը սպառողների համար բացասական է եղել 363 ժամ, ինչը համարժեք է 15 ամբողջ օրվա։ Այս ցուցանիշը երկու անգամ գերազանցում է ամբողջ անցած տարվա արդյունքը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գների անկումը կապված է վերականգնվող էներգիայի արտադրության աճի հետ, որը հաճախ գերբեռնվածություն է առաջացնում էլեկտրական ցանցում։

Նման իրավիճակ է նկատվում նաև Իսպանիայում և Գերմանիայում, որտեղ նույնպես գրանցվել են նոր բացասական գների ռեկորդներ։

Երբ էներգիայի գինը դառնում է բացասական, նշանակում է, որ արտադրողները փաստորեն վճարում են սպառողներին կամ ցանցին, որպեսզի վերջիններս ընդունեն էլեկտրաէներգիան։ Սա տեղի է ունենում, երբ առաջարկը գերազանցում է պահանջարկը, և ցանցը չի հասցնում պահեստավորել կամ տեղաբաշխել ավելցուկային էներգիան։

Չնայած սպառողների համար սա հաճելի նորություն է, վերականգնվող էներգիա արտադրողների համար իրավիճակն անհանգստացնող է, քնաի որ նվազում է եկամտաբերությունը և հետաքրքրությունը նոր ներդրումների նկատմամբ։

Արդյունքը ճնշումն ընկնում է միջուկային էներգետիկայի վրա: Հատկապես տուժում են ֆրանսիական ատոմակայանները, որոնց ռեակտորները ստիպված են նվազեցնել հզորությունը։

Երկրում սկսվել են քաղաքական քննարկումներ, թե արդյոք պետք է սահմանափակել արևային և քամու էներգիայի արտադրությունը՝ միջուկային էներգետիկան կենսունակ պահելու համար։

Բայց այս գաղափարի քննադատները հիշեցնում են, որ ամռան շոգ ամիսներին կտրուկ աճում է օդորակիչների օգտագործումը, և այդ բարձր պահանջարկը կօգնի «գերարտադրությունը» հավասարակշռել։

Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում վերականգնվող էներգիայի ակտիվ զարգացումը ստեղծում է նոր մարտահրավերներ թե՛ տեխնիկական (ցանցի կայունություն), թե՛ տնտեսական (շուկայի եկամտաբերություն)։ Սա ազդակ է, որ անհրաժեշտություն կա փոփոխություններ անել էներգետիկ քաղաքականության մեջ։