Զբոսաշրջային ինֆորմացիոն կետեր Գյումրիում

Գյումրիում պաշտոնապես ազդարարվեց զբոսաշրջային ինֆորմացիոն կետերի բացման մասին։ Կետերը ստեղծվել են Գյումրիի երեք կարևոր վայրերում՝ «Բարեկամության» զբոսայգում, Ասլամազյան քույրերի պատկերասրահում և «Լեո Կերամիկս» արվեստանոցում։

Նորաբաց կետերը ներկայացնելու են զբոսաշրջային ուղղություններ, մշակութային օջախներ, համայնքային նախաձեռնություններ և ծառայություններ։ Դրանք հագեցած են քարտեզներով, տեղեկատվական նյութերով և QR կոդերով, որոնք կապահովեն օգտատերերի մուտքը ամբողջական և արդիական տվյալների՝ միջոցառումների, վայրերի և առաջարկվող ծառայությունների վերաբերյալ։

Ծրագիրը նպատակ ունի բարելավել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովել տեղեկատվության հասանելիությունը Գյումրի այցելող զբոսաշրջիկների, տեղական բիզնեսների և համայնքային ներկայացուցիչների համար։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ իր զբոսաշրջային և քաղաքաշինական պլատֆորմի՝ TUF հիմնադրամի միջոցով։ Այն կյանքի է կոչվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG) տարածաշրջանային ծրագրի շրջանակում։