Քննարկվել են մարզերի դեղապահովմանը վերաբերող հարցեր
Մարզային բժշկական կենտրոններում և առողջության առաջնային պահպանման օղակում դեղապահովման հետ կապված հարցերը, մասնավորապես` անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը քննարկելու նպատակով առողջապահության նախարարությունում շարունակվում են հանդիպումները։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այս անգամ հանդիպել է Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների ու ընտանեկան բժիշկների հետ:
Ընդգծելով էլեկտրոնային եղանակով դեղերի դուրսգրման կարևորությունը՝ նախարարի տեղակալը խոսել է էլեկտրոնային առողջապահությանն ամբողջական անցման անհրաժեշտության մասին։
Քննարկվել են նաև ծրագրերը, որոնք միտված են առողջության առաջնային պահպանման օղակում կատարվելիք աշխատանքներին ու բարեփոխումներին:
Նախորդիվ նման հանդիպում կայացել է Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Յուրաքանչյուր մարզային բուժկենտրոնի դեղապահովման հետ կապված խնդիր առանձին դիտարկելու և լուծումներ տալու համար հանդիպումներ կլինեն բոլոր մարզերի բուժկենտրոնների և ամբուլատորիաների ղեկավարների հետ: