Հաջորդ տարի Tech Week-ը կանցկացվի Գորիսում
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը: Այն միավորել էր ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու եւ սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։
Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում անցկացվել են կոնֆերանսներ եւ պանելային քննարկումներ՝ տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Եռօրյա կոնֆերանսին հանդես է եկել ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ եւ ոլորտի այլ առաջատար դերակատարներ։
«Ընդհանուր 2800-ից ավելի մարդ մասնակցել է կոնֆերանսին, ինչը կարծում եմ՝ շատ կարեւոր է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աջակիցներին, հովանավորներին, թիմին եւ բոլոր նրանց, որոնց շնորհիվ տեխնոլոգիական շաբաթը դարձավ իրական։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք բոլորին միավորել մարզում՝ Վանաձորում անցկացնել Tech Week-ը»,- նշել է Tech Week-ի համակազմակերպիչ, Zealous ընկերության ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյանը։
Կայացել է նաեւ ԴեւHacks հաքաթոնը, որը տեւել է 48 ժամ։ 15 հազար դոլար բյուջե ունեցող միջոցառման կազմակերպիչն էր Layerswap ընկերությունը։ Առաջին տեղը զբաղեցրել է Infinite Loop, երկրորդը՝ Ballistic, երրորդը՝ CAST static analytics թիմը։
Wings գաղափարներ մրցույթի արդյունքում առաջին մրցանակի է արժանացել MEEJ MEJ թիմը, երկրորդը՝ Lusan Track-ի եւ երրորդը՝ Hoond-ի թիմերը։ Հատուկ մրցանակների են արժանացել 3size, «Լոռվա Վայք», «Արի Լոռի», FixCity թիմերը։ 5000 դոլարով բյուջե ունեցող մրցույթի գործընկերն էր Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA)։
Հաջորդ տարի Tech Week-ը կանցկացվի Գորիսում։