ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին փոքր-ինչ աճել

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը համաշխարհային պարենային ապրանքների գների փոփոխությունը չափող հիմնական ցուցանիշն է, 2025 թվականի հունիսին միջինում կազմել է 128.0 միավոր, ինչը 0.5 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ: Չնայած հացահատիկի և շաքարի միջազգային գները նվազել են, այդ անկումները չեզոքացվել են կաթնամթերքի, մսի և բուսական յուղերի բարձր գներով։

Գնային ինդեքսը, որն արտացոլում է համաշխարհային առևտրի առարկա հանդիսացող հիմնական պարենային ապրանքների   միջազգային գների ամսական փոփոխությունները, 2025 թվականի հունիսին 5.8 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն մնացել է զգալիորեն ցածր 2022 թվականի մարտին գրանցված պատմական առավելագույնից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.5 տոկոսով: Եգիպտացորենի համաշխարհային գները կտրուկ նվազել են երկրորդ ամիսն անընդմեջ՝ Արգենտինայից և Բրազիլիայից առատ մատակարարումների արդյունքում։ Սորգոյի և գարու գները նույնպես նվազել են, մինչդեռ ցորենի գներն աճել են՝ Եվրոպական միության (ԵՄ) որոշ հատվածներում, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում եղանակային պայմանների հետ կապված մտահոգությունների պատճառով։ Բրնձի միջազգային գները փոքր-ինչ նվազել են՝ հատկապես «Ինդիկա» տեսակների համար, ինչը պայմանավորված է թույլ սպառողական պահանջարկով։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը մայիսի համեմատ աճել է 2.3 տոկոսով՝ պայմանավորված արմավենու, սոյայի և կանոլայի յուղերի գների աճով։ Արմավենու յուղի միջազգային գները բարձրացել են գրեթե 5 տոկոսով՝ համաշխարհային բարձր պահանջարկի շնորհիվ։ Սոյայի յուղի գները նույնպես աճել են հունիսին՝ Բրազիլիայում և ԱՄՆ-ում կենսավառելիքի պահանջարկի կանխատեսվող աճի և Հարավային Ամերիկայում միջազգային կայուն պահանջարկի պայմաններում սոյայի գների բարձրացման արդյունքում։ Կանոլայի յուղի գների աճը պայմանավորված է սահմանափակ գլոբալ առաջարկով, իսկ արևածաղկի յուղի գները փոքր-ինչ նվազել են՝ Սևծովյան տարածաշրջանում արտադրության բարելավված հեռանկարների շնորհիվ։

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հունիսին աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով նոր պատմական առավելագույնի։ Տավարի, խոզի և ոչխարի մսի համաշխարհային գներն աճել են, մինչդեռ թռչնամսի գները շարունակել են նվազել։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5 տոկոսով, ընդ որում՝ կարագի գները հասել են նոր ռեկորդային բարձր մակարդակի՝ Օվկիանիայում և ԵՄ-ում մատակարարումների սահմանափակության և Ասիայում շարունակվող բարձր պահանջարկի պայմաններում։ Պանրի գները աճել են երրորդ ամիսն անընդմեջ, չորացրած և ամբողջական կաթի փոշու գները նվազել են համաշխարհային պահանջարկի նվազման և մատակարարումների առատության պատճառով։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մայիսի համեմատ նվազել է 5.2 տոկոսով՝ ինչը շարունակվող չորրորդ ամսական անկումն է և շաքարի գները հասցրել է 2021 թվականի ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին։ Նվազումը պայմանավորված է Բրազիլիայում, Հնդկաստանում և Թաիլանդում բարելավված արտադրության կանխատեսումներով, որտեղ բարենպաստ եղանակն ու ցանքատարածությունների ավելացումը պետք է հանգեցնեն ավելի բարձր արտադրողականության:

Հացահատիկի համաշխարհային արտադրությունը կարող է հասնել ռեկորդային մակարդակի

ՊԳԿ-ն ուրբաթ օրը հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի նոր տեղեկագիրը՝ ներկայացնելով 2025/26 թվականների արտադրության և բերքատվության հեռանկարների վերաբերյալ լրացուցիչ դիտարկումներ:

Վերջին կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի հացահատիկի համաշխարհային արտադրությունը կկազմի 2 միլիարդ 925 միլիոն տոննա, ինչը 0.5 տոկոսով ավելի է նախորդ ամսվա համեմատ և 2.3 տոկոսով՝ 2024 թվականի մակարդակից։ Աճը պայմանավորված է ցորենի, եգիպտացորենի և բրնձի արտադրության բարելավված հեռանկարներով։ Այնուամենայնիվ, հիմնական արտադրող տարածաշրջաններում կանխատեսվող շոգ և չոր եղանակը կարող է բացասաբար ազդել բերքատվության վրա, մասնավորապես եգիպտացորենի պարագայում։ 

Ցորենի արտադրությունը կանխատեսվում է 805.3 միլիոն տոննա՝ պայմանավորված Հնդկաստանում և Պակիստանում ակնկալվող բարձր բերքատվությամբ։

Կանխատեսվում է, որ համաշխարհային եգիպտացորենի արտադրությունը նույնպես կաճի՝ Բրազիլիայում բարենպաստ եղանակային պայմանների և Հնդկաստանում ավելի մեծ ցանքատարածությունների արդյունքում, ինչը կփոխհատուցի Ուկրաինայում և ԵՄ-ում ցանքատարածությունների կրճատման և չոր եղանակի բացասական ազդեցությունը։

2025/26 թվականներին համաշխարհային բրնձի արտադրությունը կանխատեսվում է հասնել ռեկորդային 555.6 միլիոն տոննայի (մաքրված վիճակում)՝ պայմանավորված Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում և Վիետնամում բարելավված արտադրական հեռանկարներով, չնայած Իրաքում և ԱՄՆ-ում սպասվող անկմանը։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային օգտագործումը 2025-2026 թվականներին կանխատեսվում է 2 միլիարդ 900 միլիոն տոննա, ինչը 0.8 տոկոսով ավելի է 2024/25 թվականների համեմատ: Կոպիտ հացահատիկների օգտագործման կանխատեսումները բարձրացվել են, մինչդեռ ցորենի օգտագործման կանխատեսումը փոքր-ինչ նվազեցվել է։ Բրնձի սպառումը, կանխատեսումների համաձայն, կշարունակի աճել՝ պայմանավորված սննդի պահանջարկի աճով և Հնդկաստանում կենսավառելիքի կայուն արտադրությամբ։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները 2025-2026 թվականների գյուղատնտեսական սեզոնի ավարտին կանխատեսվում են 889.1 միլիոն տոննա, ինչը 2.2 տոկոսով ավելի է սեզոնի բացման մակարդակից: Համաշխարհային հացահատիկային պաշարների և օգտագործման հարաբերակցությունը, կանխատեսումների համաձայն, այժմ կբարձրանա մինչև 30.3 տոկոս, ինչը ենթադրում է համեմատաբար հարմարավետ մատակարարման հեռանկար։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտուրը 2025-2026 թվականներին կանխատեսվում է հասնել 486.9 միլիոն տոննայի, ինչը 1.2 տոկոսով ավելի է, քան 2024/25 թվականներին։ Սպասվում է թե՛ ցորենի, թե՛ բրնձի արտահանման աճ, ընդ որում՝ բրնձի առևտուրը կգերազանցի պատմական առավելագույնը՝ հասնելով 60.8 միլիոն տոննայի։ Եգիպտացորենի առևտուրը փոքր-ինչ կնվազի, մինչդեռ գարու և սորգոյի առևտուրը, հավանաբար, կաճի։

ՊԳԿ-ի կողմից կազմակերպվող Գյուղատնտեսական շուկաների տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը հրապարակել է նաև իր ամսական «Շուկայի Մոնիտոր» ամսական տեղեկագիրը: Բացի շուկայի կանոնավոր վերլուծությունից, նոր թողարկումը ներառում է հոդված հացահատիկի ռազմավարական պաշարների (SGRs) և պարենային անվտանգության վերաբերյալ՝ ուրվագծելով հացահատիկի ռազմավարական պաշարները «փոքր, պարզ և խելացի» պահելու սկզբունքները: