«Գործարարության խնդիրների բարձրաձայնումը պետք է դառնան մեր հետևողական աշխատանքի բաղադրիչ»․ Արսեն Ղազարյան
ՀՀ կառավարություն-գործարար համայնք ձևաչափով Դիլիջանում կայացած աշխատաժողովի արդյունքների լույսի ներքո Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անելիքների ու խնդիրների մասին հարցն էր ընդգրկված ՀԱԳՄ՝ հուլիսի 10–ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում։ «Մենք՝ որպես գործարարներ, պետք է նախաձեռնող և ակտիվ լինենք պետության հետ արդյունավետ երկխոսություն ծավալելու առումով։
Մեր ոլորտների, գործարարությանը հուզող խնդիրների բարձրաձայնումը, պետական պատկան մարմիններին ներկայացումն ու դրանց լուծումներին հետամուտ լինելը պետք է դառնան մեր հետևողական աշխատանքի բաղադրիչ»,-իր խոսքում նշեց Միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Ներկայացվեցին այն քայլերը, հանդիպումներն ու քննարկումները, որոնք հաջորդել են դիլիջանյան աշխատաժողովին։ Կարևորվեց ոչ միայն տնտեսական մարտահրավերների ու հիմնախնդիրների վերհանումը, այլև դրանց հաղթահարման տեսլականի կամ ստույգ լուծումների առաջադրումը։ Այս առումով Արսեն Ղազարյանը Միության անդամներին հորդորեց դրսևորել առավել նախաձեռնողականություն, գույքագրել իրենց բնագավառներում առկա խնդիրները, առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ՝ այդ ամենը հավաքական կերպով կառավարություն-գործարար համայնք ձևաչափով հաջորդ հանդիպմանը ներկայացնելու համար։
Օրակարգի այլ հարցերի թվում նիստի մասնակիցներն անդրադարձան երկրում բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարևորությանը, այդ համատեքստում՝ տնտեսական օրենսդրության հաճախակի փոփոխության աննպատակահարմարությանը, մասնավոր սեփականության պաշտպանվածության կարևորությանը, լիարժեք ազատական շուկայի ընձեռած հնարավորություններին, առկա բարոյահոգեբանական մթնոլորտին, անհրաժեշտ վարկանիշի ապահովմանը։ Նախանշվեցին այս ուղղությամբ ՀԱԳՄ կողմից իրականացվելիք քայլերը։
Քննության առնվեցին նաև Հայաստանից ապրանքների, մասնավորապես՝ կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները։
Միության խորհուրդը հավանություն տվեց «Սփյուռ» տեղեկատվական ընկերության՝ ՀԱԳՄ–ին անդամակցության դիմումին։