Հանդիպում Ռինդի բնակիչների հետ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպել է Ռինդի բնակիչների հետ։
Մարզպետ Կոլյա Միքաելյանն իր խոսքում կարևորել է համայնքների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը, դրա իրականացման ուղղություները, բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև բնակիչների հետ ուղիղ շփումներն ու իրենց մտահոգող հարցերը տեղում քննարկելը։
Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ևս դրական է գնահատել այս ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով դրանց նշանակությունը պետական կառավարման և տեղական ինքնակառամարման մարմինների համագործակցության ամրապնդման և պետական աջակցությամբ խնդիրներին արագ արձագանքելու գործընթացում։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սուբվենցիոն ծրագրերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում կատարած աշխատանքները, անդրադարձան մի շարք գործընթացների արդյունավետ կազմակերպման խնդիրներին։
Նշվեց, որ սուբվենցիոն և այլ ծրագրերով վերջին տարիներին բնակավայրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեծ ծավալի աշխատանք է արվել՝ փողոցների ասֆալտապատում, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցում, հակակարկտային կայանի տեղադրում, արտաքին լուսավորման համակարգերի կառուցում, մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և այլն։ Գյուղատնտեսության և արտադրության ոլորտներում ևս կան արձանագրված լավ ցուցանիշներ․բնակավայրում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 7 հա, սեփական միջոցներով՝ 22 հա խաղողի այգի, առկա է 3400քմ սեփական միջոցներով ջերմոցային տնտեսություն, Ռինդի արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ, գործում է գինու գործարան և այլն։
Հանդիպման ընթացքում բնակիչները հարցեր ուղղեցին պատկան մարմիններին, ստացան պարզաբանումներ։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ գյուղն ունի մի շարք ձեռքբերումներ, միաժամանակ տարբեր ուղղություններով է՛լ ավելի զարգանալու մեծ ներուժ, ուստի պետք է զարգացնել գիտելիքները և հմտությունները, օգտվել տարբեր ծրագրերից՝ ի նպաստ բնակավայրի, համայնքի զարգացմանը։