Ռենջերները կրկին ուժերը չափեցին՝ այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթում»

«Ռենջեր 2025» մրցույթը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանմանը, կայացավ երրորդ անգամ՝ այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:
Մրցույթին մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության համակարգման տակ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների և էկոպարեկային ծառայության 15 աշխատակիցներ՝ իրական ռենջերներ, որոնք ամեն օր կանգնած են բնության պահպանության առաջնագծում։
 Մասնակիցները փորձեցին իրենց ուժերը ինչպես ֆիզիկական պատրաստվածության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների մակարդակով։ Մրցույթը ոչ միայն ճանաչում է նրանց նվիրումն ու աշխատանքը, այլև խրախուսում՝ դրամական մրցանակներով։
Մրցանակային տեղեր զբաղեցրած վեց մասնակցից հինգը Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներն են։
Այս նախաձեռնությունը կարևորում է ռենջերների առանցքային դերը մեր բնության պահպանման գործում և կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց աշխատանքին։