Ինչպես Հայաստանը կարող է դառնալ արդյունաբերական պետություն․ արագացված ծրագրեր և մոդելներ

Հայաստանում կարևորագույն ոլորտներից մեկը՝ տնտեսությունն, այնքան էլ զարգացած չէ, որքան թույլ է տալիս պետության պոտենցիալը։ Արտադրությունը պասիվ է, գործազրկությունը մարզերում բարձր է, և բնակչության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու Գագիկ Մակարյանն անդրադարձել է այս խնդրին՝ հրատարակելով «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական արագացված զարգացում» աշխատությունը, որի շնորհանդեսը կայացավ օրերս։

Հեղինակն առաջարկում է հստակ լուծումներ՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2-3 տարում շոշափելիորեն բարելավելու համար։ Մակարյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ ոլորտային  ռազմավարություններն, օրինակ` դեղագործության, սննդի արդյունաբերության, տեքստիլի, սարքաշինության և այլն,  հաճախ միմյանց հետ ներդաշնակ չեն և չեն ապահովում համակարգված առաջընթաց։ Նա առաջարկում է համապարփակ մոտեցում

- Հիմա շատ է խոսվում տնտեսական ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին։ Դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է, որ արտահանումը մեծանա, այսինքն` ունենանք այնպիսի ապրանքներ, որոնք հնարավոր կլինի առաջարկել ավելի լայն շուկաների։ Կամ պետք է արդեն գործող ճյուղերում ավելացնել նոր տեսակի արտադրանքներ։ Օրինակ՝ սարքաշինության ոլորտում այսօր արտադրում ենք ընդամենը մի քանի տեսակի սարքեր, բայց եթե որոշենք, կարող ենք նույն ճյուղում ավելացնել ավելի բազմազան սարքեր։ Կամ էլ պետք է ստեղծենք նոր ճյուղեր, նոր տիպի արտադրություններ, որոնք հնարավորություն կտան ունենալ լրիվ նոր արտադրանքներ ու մտնել նոր շուկաներ։

Մակարյանի ներկայացրած մոդելները նպատակ ունեն միաժամանակ զարգացնել արդյունաբերությունը, խթանել տնտեսության աճը և լուծել սոցիալական կարևոր խնդիրներ։ Հենց այս ամենի վրա է հիմնված «արագացված զարգացման» գաղափարը։

Նրա կարծիքով՝ պետությունը պետք է ունենա ավելի ակտիվ դերակատարություն՝ չհիմնվելով միայն մասնավոր բիզնեսի վրաայն միակողմանի որոշումներ է կայացնում և չունի բավարար ռեսուրս՝ մասշտաբային արդյունաբերություն զարգացնելու համար։ Ըստ նրա՝ Հայաստանում  արտադրվում են հոսքագծեր, որոնք համապատասխանում են արևմտյան ստանդարտներին և կարող են արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք։

-Այս գործարանները կարելի է տեղադրել մարզերում՝ միաժամանակ լուծելով երեք կարևոր խնդիր։ Առաջին՝ ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, ինչը անմիջապես ազդում է սոցիալական վիճակի վրա։ Երկրորդ՝ մարզերում ապրող մարդիկ կունենան զբաղվածություն իրենց բնակավայրում և այլևս ստիպված չեն լինի տեղափոխվել Երևան կամ արտագաղթել։ Երրորդ՝ մարզերը կսկսեն արտադրել տեղական ապրանք՝  ընդլայնելով ընդհանուր արդյունաբերական բազան։ Այս մոդելով հնարավոր է նաև ավելացնել տեղական բյուջեների եկամուտը՝ տեղական հարկերի տեսքով։

Նշում է, որ տնտեսության արդիականացումը և արդյունաբերության զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց մարզերի ընդգրկման։ Նրա գնահատմամբ՝ այսօր ՀՀ աշխատավարձային ֆոնդի շուրջ 80%-ը բաժին է ընկնում Երևանին, մինչդեռ մարզերին հասնում է ընդամենը 20%։ Այս անհավասարությունը հանգեցնում է ներքին միգրացիայի, համայնքների դատարկման և տեղական բիզնեսի ճնշման։

Նա նկատում է, որ մարզերում մարդիկ հաճախ չունեն նույնիսկ տարրական ենթակառուցվածքներտներում բացակայում են լվացարանները, ջեռուցման համակարգերը, հոսանքն ու ջուրը թանկ են, բանկոմատներ չկան, իսկ ծառայություններ ստանալու համար ստիպված են կիլոմետրեր անցնել։ Այդ պայմաններում մարզաբնակները հիմնականում գնում են Երևան՝ թե աշխատելու, թե ապրելու նպատակով։  Այստեղից էլ սկսվում է ներքին միգրացիան։

Մակարյանի խոսքով՝ առաջարկված մոդելներով հնարավոր կլինի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ավելացնել  արդյունաբերության բաժինը։ Եթե այն հիմա կազմում է 12%, ապա առաջին տարում այդ թիվը հնարավոր կլինի հասցնել 20%, իսկ հինգերորդ տարում արդեն 50%-ի:

Նա առաջարկում է օգտվել խորհրդային տարիներից մնացած գործարանների ենթակառուցվածքներից, որոնք արդեն ունեն անհրաժեշտ տեխնիկական պայմաններ՝ գազ, ջուր, էլեկտրականություն, երկաթուղի, պահեստային տարածքներ և այլն։ Այս գործարանները կարելի է վերանորոգել և վերածել արդյունաբերական պարկերի, որոնցից յուրաքանչյուրը կարող է ներառել 10–15 միջին արտադրություն և յուրաքանչյուր արտադրության ստեղծած ՀՆԱ-ն կկազմի շուրջ 5 մլն դոլար։ Այսինքն` ըստ Գ․ Մակարյանի  առաջարկած մոդելի, 200 գործարանների գործարկման դեպքում այդ ամբողջ ՀՆԱ-ն կկազմի 1 մլրդ դոլար։ Իսկ  յուրաքանչյուր տարում գործարկելով 200 գործարան՝ 5 տարում կունենանք 1000 գործարան։ 

Այս մոդելը ոչ միայն տնտեսությունը զարգացնելու փորձ է, այլև կրում է ներքաղաքական, սոցիալական և անվտանգային բնույթ։ Նրա համոզմամբ՝ դատարկվող համայնքներն ու տնտեսապես անկենսունակ տարածքները թուլացնում են Հայաստանի ռազմավարական դիմադրողականությունը։ Արդյունաբերության վերականգնումը, մարզերի ակտիվացումը, աշխատատեղերի ստեղծումն ու պետությունը՝ որպես կազմակերպիչ, կարող են տալ կայուն զարգացման հիմք։

Գագիկ Մակարյանը շեշտում է, որ իր ներկայացրած հաշվարկները տրամադրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, և սպասվում են շարունակական քննարկումներ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ կարճ ժամանակում դառնալու ինդուստրիալ պետություն։