Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի Վաշինգտոնում համատեղ ստորագրված Հռչակագրի տնտեսական պոտենցիալը և հեռանկարները. Գ. Մակարյան

2025թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և նրա ակտիվ մոդերացիայով, տեղի ունեցավ Հռչակագրի ստորագրությունը, որը հանդիսանում է խաղաղության հաշտության նախափաստաթուղթը։ Հռչակագիրը հռչակեց կողմերի պատրաստակամությունը պատերազմական կոնֆլիկտների ավարտման և տնտեսական ու քաղաքական դրական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ՝ ճանաչելով Հայաստանի և Ադրբեջանի պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։ 

Այդ փաստաթուղթը խաղաղություն կբերի Հարավային Կովկասում և տարածաշրջանում, ընդ որում նաև մեծ տարածաշրջանում, որը ներառում է Կենտրոնական Ասիայի երկրները, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրան և Եվրոպան։ Հաշվի առնելով, որ արտաքին առևտուրը այդ երկրների և ԱՄՆ-ի ցուցանիշը միասին կազմում է շուրջ 22 տրիլիոն ԱՄՆ դոլար, ապա եթե այդ առևտրի անգամ 10%-ը կատարվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ճանապարհով, մեծ տարածաշրջանի պետությունները կվաստակեն հարյուրավոր միլիարդ դոլարներ տարիների ընթացքում։ Հայաստանը դառնում է իր աշխարհագրական դիրքով հանգույց այդ ուղղու վրա և ձեռք է բերում արտահանման բնագավառում կարևոր հարթակի դերակատարություն՝ առաջին հերթին հենց Հայաստանի համար։

Հռչակագրի ստորագրումը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի վճռական և արագ քայլերի շնորհիվ և նա կարողացավ 2 երկրների առաջնորդներին բացատրել խաղաղության և տնտեսական համագործակցության կարևորությունը, և դրանով նրանց համոզել վերջ դնելու պատերազմական կոնֆլիկտներին, որը ձգվել է շուրջ 35 տարի։ 

Բացի ԱՄՆ-ից, պետք է նշել, որ Հռչակագրի ձևավորման գործընթացներում դրական նշանակություն են ունեցել նաև այլ երկրներ, այդ թվում՝ Եվրոպական միությունը, Ռուսաստանը, Իրանը, ԵԱՏՄ երկրները (հատկապես Ղազախստանը նույնպես)։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկայեվը բազմիցս տրամադրել է Ղազախստանում բանակցելու հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին և ղեկավարությանը։ Բացի այդ, տարբեր կոնֆերանսների և հանդիպումների ընթացքում պարոն Տոկայեվը մշտապես ընդգծել է կոնֆլիկտները դադարեցնելու անհրաժեշտությունը և խաղաղության պայմանագրի ստորագրումը։ 

Ողջունելի է, որ Հռչակագրի ստորագրման հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Ղազախստանի նախագահ Տոկայեվը ողջունել է խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և պատերազմական կոնֆլիկտների դադարեցումը։ 

Աշխարհի երկրները մշտապես գտնվում են մրցակցության մեջ՝ զարգացնելու իրենց տնտեսությունները և տեղ գրավելու համաշխարհային առևտրում։ Այդ նպատակին հասնելու համար երբեմն դրանք բերում են պատերազմական կոնֆլիկտների, սակայն անհրաժեշտ է գնալ ոչ թե ռազմական ճանապարհով ձևավորելու մրցունակ տնտեսություններ, այլ դա կատարել խաղաղության պայմաններում։ Այսինքն՝ արդյունավետ մրցունակությունը դարձնել տնտեսական հաջողության կարևոր նախապայման, որի շնորհիվ յուրաքանչյուր երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կլինի հնարավորինս բարձր։ Այդպիսի հետաքրքրվածություն բնականաբար ունեն տարածաշրջանային երկրները, ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը, Միջին Ասիայի երկրները, այդ թվում՝ Ղազախստանը։ Երկրներ կան, որոնց արտահանումը գերազանցում է ներմուծման ծավալները, որոշ երկրներում դրանք իրար հավասար են, իսկ ավելի շատ երկրներում արտահանումը զիջում է ներմուծմանը։ Դրանք մրցունակության մակարդակը ներկայացնող ցուցանիշներ են։ 

Այդ պատճառով աշխարհի երկրները, գնահատելով ստորագրված Հռչակագրի կարևորությունը միջազգային տնտեսության և առևտրի համար, ողջունում են և շնորհավորում են ստորագրած երկրներին և հայտնում իրենց աջակցությունը։ 

Մենք նույնպես շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետին և նրա թիմին այդ կարևոր փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, ինչպես նաև հայ ժողովրդին և տարածաշրջանի ժողովուրդներին։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Ղազախստանի նախագահ Տոկայեվին վերջին տարիներին այդ կապակցությամբ դրսևորած հետևողականության և աջակցության համար։ Կարևոր է նշել, որ աշխարհի տարբեր երկրներ դրսևորում են իրենց աջակցությունը, որոնք չեն պարունակում խանդի նշույլներ։ 

Այսպիսով՝ ամփոփելով օգոստոսի 8-ին ստորագրված Հռչակագիրը հույս ենք հայտնում, որ դրան հետևող մյուս ստորագրվելիք փաստաթղթերը էլ ավելի կամրապնդեն խաղաղությունը և տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանում։ Այդ նպատակով կարևոր է դառնում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումը և ինդուստրիալիզացիան ապագա առևտրային մեծ հոսքերի ապահովման տեսանկյունից։ 

 Գագիկ Մակարյան, 

տեխնիկական գիտությունների թեկնածու

Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար,

Հայ-բուլղարական առևտրատնտեսական պալատի նախագահ