Հետք. Հիփոթեքային վարկերի ագրեսիվ աճը դադարել է, տոկոսադրույքները՝ բարձրացել:

2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում շուրջ 7 տրլն դրամի վարկ կա։ Տարեսկզբի համեմատ բանկային համակարգի վարկային պորտֆելն աճել է շուրջ 10%-ով։ Այս մասին են վկայում ինչպես Կենտրոնական բանկի ամփոփ տվյալները, այնպես էլ` 17 բանկերի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա` «Հետք»-ի կատարած վերլուծությունը։

Այս ոլորտում ուշագրավ փոփոխություններ են կատարվում։ Հիփոթեքային շուկայի բումը մարել է, տոկոսադրույքները՝ բարձրացել։ Ակտիվացել է սպասարկման ոլորտը։ 

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներն արդեն ազդել են հիփոթեքային շուկայի վրա

Կես տարի էլ չպահանջվեց, որ Երևանում հիփոթեքի տոկոսների համար եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ շուկայի աճը խիստ դանդաղի։ 

Վերջին տարիներին Հայաստանում հիփոթեքային վարկերի կտրուկ աճ էր գրանցվում։ Մասնավորապես, 2024 թվականի ընթացքում բանկերում հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է մոտ 29%-ով։  

Հիփոթեքային շուկայի բարձր ակտիվությունը, բնականաբար, պայմանավորված էր առաջնային շուկայով՝ նորակառույց շենքերի շինարարությամբ ու բնակարանների ակտիվ վաճառքով, որն էլ իր հերթին եկամտային հարկի վերադարձի ծրագրի արդյունքն էր։ 

2025 թվականից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցվեց։ Դա ստիպեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին օգտվել այս ծրագրից և մայրաքաղաքում գույք ձեռք բերել, շտապեն դա անել մինչև 2024-ի տարեվերջ։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1.5 տրլն դրամ, որը տարեսկզբի համեմատ աճել է 4.4%-ով։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկերի աճը 10% է եղել, երկրորդ կիսամյակում այն կտրուկ արագացել է։

«Նոր հիփոթեքային վարկերի տրամադրումը կրկնակի նվազել է։ Սա պայմանավորված է Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ։ Մյուս կողմից, կարծում ենք, որ այն ոչ թե նվազել է, այլ տեղն է ընկել»,- օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Բանկերի միության հաշվարկներով՝ այս տարվա հունիսի դրությամբ, տարեսկզբի համեմատ, հայաստանյան բանկերում հիփոթեքային վարկերի ծավալը բացարձակ թվով աճել է մոտ 66 մլրդ դրամով, որից 37 մլրդ դրամը մարզերում տրված հիփոթեքային վարկերն են, 29 մլրդ դրամը՝ Երևանում։ Տոկոսային հաշվարկներով մարզերում հիփոթեքային վարկերի ծավալն այս ընթացքում աճել է 10%-ով, Երևանում՝ 2.6%-ով։

Մարզերում վարկեր են վերցնում ինչպես մարզերի բնակիչները, այնպես էլ Երևանի բնակիչները, որոնք տներ կամ բնակարաններ են գնում հիմնականում երևանամերձ մարզային քաղաքներում՝ Աբովյանում, Հրազդանում, Ծաղկաձորում, Էջմիածնում և այլ քաղաքներում, որտեղ նորակառույց շենքներ կան։ 

«Երևանամերձ մարզերում հիփոթեքով տներ կամ բնակարաններ ձեռք բերող քաղաքացիների մի մասն աշխատում է Երևանում և եկամտային հարկի վերադարձի ծրագրից է օգտվում։ Երևանում վաստակում են իրենց եկամուտները, բայց հարմար է նաև իրենց քաղաքներում անշարժ գույք ձեռք բերել»,- նշում է Դանիել Ազատյանը։

Այնուամենայնիվ, մարզերում հիփոթեքային վարկերի ներկայիս ծավալը բավականին զիջում է Երևանին։ Մասնավորապես, բանկերում ներկայում գործող 1.5 տրլն դրամի հիփոթեքային վարկերի 1.1 տրլն դրամը Երևանին է բաժին ընկնում, մնացած 0.4 տրլն դրամը (400 մլրդ դրամ)՝ մարզերին։

Նյութն ամբողջությամբ՝ hetq.am