ԵԱՏՄ-ում աճել են ներմուծման մաքսատուրքերից եկամուտները

 Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան զեկույցը ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի մուտքերի և բաշխման վերաբերյալ. ներմուծման մաքսատուրքերից եկամուտների աճ է արձանագրվել։ Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
 
«Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականին միության երկրների բյուջեներ մուտքագրվել է 15,2 մլրդ դոլար, ինչը գրեթե 3%-ով ավելի է, քան 2023 թվականին։ Այս ցուցանիշը ամենաբարձրն էր 2015 թվականից ի վեր», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
Փաստաթղթում վերլուծվում են մաքսատուրքերի ծավալների վրա ազդող գործոնները՝ ներմուծման մատակարարումների դինամիկան և առևտրային հոսքերի կառուցվածքը, Միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) դրույքաչափերի փոփոխությունները, ինչպես նաև կիրառվող սակագնային արտոնությունները և ՄՄՍ-ից «առգրավումները»։ ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանության վրա աշխատանքի հետ կապված նոր բաժին է ավելացվել։
«Ներմուծման մաքսատուրքերի ծավալի աճը վկայում է դրական դինամիկայի մասին, և մեր խնդիրն է ոչ միայն պահպանել ներկայիս ցուցանիշները, այլև պայմաններ ստեղծել ինտեգրումից տնտեսական արդյունքի հետագա բարձրացման համար», – ասել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։
Միջկառավարական խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ կոլեգիային շարունակել մշտադիտարկումը անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերից ստացված եկամուտների և դրանց բաշխման ուղղությամբ։