«Ռոսե գարդեն» ընկերությունը 3 տարի ժամկետով ազատվեց ներմուծման մաքսատուրքից
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 21-ին տեղի ունեցած հերթական նիստին հավանություն տվեց Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախագծին և որոշեց բավարարել «ՌՈՍԵ ԳԱՐԴԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ըստ նախարարության կողմից ներկայացված նախագծի «ՌՈՍԵ ԳԱՐԴԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև 2028 թվականի հուլիսի 7-ը ներառյալ։
Ծրագրի իրականացման ժամկետ սահմանվեց որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։