Հայաստանի տնտեսության աճն ու անկումները․ ի՞նչ է ցույց տալիս 2025-ի 7 ամիսը

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 7 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա վկայում է, որ ընդհանուր տնտեսական դինամիկան շարունակում է դրական մնալ։

Սակայն պատկերը միանշանակ չէ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 9.8 տոկոսով, կազմելով մոտ 1.5 տրիլիոն դրամ։ Այս ցուցանիշը կարող է ազդանշան լինել, որ արտադրության ոլորտում կան  մարտահրավերներ։

Միևնույն ժամանակ, այլ ճյուղերում նկատվում են կայուն դրական միտումներ․

  • Շինարարություն – աճել է 20.2%, հասնելով շուրջ 293 միլիարդ դրամի։

  • Առևտուր – գրանցվել է 3.9% աճ՝ շուրջ 3.5 տրիլիոն դրամի շրջանառությամբ։

  • Ծառայություններ – աճել են 10.6%, կազմելով ավելի քան 2.1 տրիլիոն դրամ։

  • Էլեկտրաէներգիայի արտադրություն – ավելացել է 2.1%։

Գների դինամիկան ևս պահպանել է աճի միտումը․ սպառողական գներն ավելացել են 3.2,  արդյունաբերական գները՝ 2.5%-ով։

Ամենամեծ մտահոգությունն առաջացնում է արտաքին առևտուրը․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է 41.4%-ով՝ կազմելով մոտ 11.5 միլիարդ դոլար։ Մասնավորապես՝

  • արտահանումը նվազել է 48.3%,

  • ներմուծումը՝ 35.8%։

Հաշվետու ժամանակահատվածում դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 390.27 դրամ։

Այսպիսով, եթե ներքին շուկան որոշ ոլորտներում շարունակել է աճել, ապա արտաքին տնտեսական ակտիվությունը զգալիորեն կրճատվել է։ Հայաստանի տնտեսության առաջիկա զարգացումը մեծապես կախված կլինի արդյունաբերության վերականգնումից և արտահանման ծավալների աճից։