ՀՏԶՀ պատվիրատվությամբ Շիրակի մարզում կառուցվում, վերանորոգվում է 41 դպրոց

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրով Շիրակի մարզում կառուցվում ու հիմնանորոգվում է 41 դպրոց, որի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է(ՀՏԶՀ)։ 

Այդ ցանկում է ընդգրկված նաև Գյումրու թիվ 38 դպրոցը, որը սեպտեմբերի մեկին արդեն դռները կբացի իր 251 աշակերտի առաջ։ 

«Սա Շիրակի մարզի վերանորոգվող դպրոցներից մեկն է, ընդհանուր առմամբ Շիրակի մարզում այս պահին իրականացվում է 41 դպրոցաշինական ծրագիր»,-լրագրողների հետ զրույցում ասում է հերթական աշխատանքային շրջայցով Շիրակի մարզ այցելած Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Գալստյանը։ 

ՀՏԶՀ-ի ներկայացուցչի հավաստմամբ՝ այս պահին Շիրակի մարզում 28 դպրոց վերանորոգվում է, երկու դպրոց կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ մնացած դպրոցները կառուցվում են պետբյուջեի միջոցներով։ 

«Ընդանուր առմամբ 40 միլիարդ դրամի դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում։ Շուրջ տասը միլիարդ դրամը կազմում է դպրոցների վերանորոգման գումարը, երեսուն միլիարդն էլ նոր դպրոցների կառուցման համար է նախատեսված»,-նշում է Հայկ Գալստյանը։ 

Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն Ֆլորա Խաչատրյանը գոհ է կատարվող շինաշխատանքներից։

«Դեռևս դեկտեմբերին դպրոցի վերանորոգումը մեկնարկեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այն դարձել է  անճանաչելի։ Ըստ էության կատարվեց ոչ թե հիմնանորոգում, այլև դպրոցը վերակառուցվեց»,-ասում է տնօրեն Ֆլորա Խաչատրյանը։ 

Դպրոցի տնօրենը նշում է, որ թեև դպրոցն ուներ ջեռուցման համակարգ, սակայն փոխվել են ջեռուցման կաթսաներն ու մարտկոցները, վերանորոգվել է կաթսայատունը, բոլոր դասասենյակները, փոխվել են պատուհաններն ու դռները, վերանորոգվել են բոլոր սանհանգույցները, փոխվել է դպրոցի տանիքը։ 

«Բացի այն, որ շենքը կապիտալ վերանորոգվել է, դպրոցի տարածքում կառուցվել է վազքուղի ու խաղահրապարակ, սպորտային հրապարակ»,-եզրափակում է Ֆլորա Խաչատրյանը։ 

ՀՏԶՀ-ից վստահեցնում են, որ պայմանագրային ժամկետների հարցում այս պահին խնդիրներ չունեն, թերություններ հայտնաբերելու դեպքում հիմնադրամի ինժեներ-մասնագետները տեղում տալիս են լուծումներ։ Որոշ դպրոցներ կհանձնեն մինչև սեպտեմբեր, ավելի մեծ ծավալի աշախատանք պահանջող դպրոցները՝ մինչև տարեվերջ։