Վերաարտահանումով երկիր չի կարելի երկար ժամանակ պահել, մանավանդ ուրիշի դժբախտության վրա. Մանասերյան

Մենք դեռ անցած տարի կանխատեսել էինք ՌԴ–ի հետ ապրանքաշրջանառության հնարավոր կրճատումը՝ պայմանավորված միանգամից մի քանի գործոններով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

«Առաջինն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ աննախադեպ աճն էր գրանցված, ինչը իրական պատկերը չէր արտացոլում։ Իրանակում մենք ոչ այնքան ներմուծում ու արտահանում էինք, որքան վերաարտահանում էինք։ Օրինակ, ապրանքներ, որոնք երբեք չեն արտադրվել Հայաստանում, արտահանվում էին Հայաստանից, այդ թվում համակարգիչներ, սմարթֆոններ, սարքավորումներ, որոնք ինքներս ուրախ կլինեինք ներմուծել։ Այս ամենը վերածվում էր մի փուչիկի, որը մի օր պետք է պայթեր։

Երկրորդ գործոնն այն է, որ այս 7 տարիների ընթացքում առեւտրատնտեսական կապերի վատթարացմանը զուգահեռ վատթարացել են նաեւ քաղաքատնտեսական կապերը։ Արևմուտքին հաճոյանալու համար անընդհատ կսմիթները, բնականաբար, պետք է հանգեցնեին նրան, որ Վերին Լարսում հերթերը ոչ թե դրվագային բնույթ են կրում, այլ շարունակական, և պաշտոնական Մոսկվան շատ պարզ հասկացնում է, որ դուք չեք կարող աղտոտել այն աղբյուրը, որից սնվում եք։ Այդ անդրադարձը կարող է շատ ավելի ցավոտ լինել առաջիկայում, եթե սթափ վերաբերմունք չդրսեւորվի գործընկերների, այդ թվում ՌԴ–ի ու ԵԱՏՄ–ի նկատմամբ։ Ոչ թե ստիպված գնան գագաթնաժողովի Հայաստանի ղեկավարները, այլ ավելի սթափ գնահատելով իրավիճակը և լինելով նախաձեռնող, ինչպես Հայաստանը եղել է տարիներ շարունակ բազմաթիվ հարցերում»,–ասաց նա։

Երրորդ գործոնը, ըստ Մանասերյանի, այն է, որ պետք է հաշվի առնել, հարևանների հետ լարված հարաբերություններն են և անորոշության աճը, ինչպես նաև, այսպես կոչված, բազմազանեցման մասին դեկլարատիվ արտահայտությունները, բայց դրանց փաստացի չկատարումը. «Բազմաթիվ դեպքեր, փաստեր կան, երբ ՀՀ կառավարության տարբեր անդամներ ասում են՝ դե ինչ է եղել, Վերին Լարսը փակվել է, մենք ուրիշ ճանապարհներ կգտնենք և այդ ընթացքում տեսնում ենք, որ ոչ թե բազմազանեցվում են, դիվերսիֆիկացվում են այդ կապերը, այլ ընդհակառակը կախվածությունը ավելի ուժեղանում է Ռուսաստանից։

Դա նշանակում է, որ կա արհեստավարժության, փորձի պակաս և ուղղակի ցանկության և աշխատելու զուգակցում ու դրա երբեմն նաև բացակայություն։ Վերաարտահանումով երկիր չի կարելի երկար ժամանակ պահել, մանավանդ ուրիշի դժբախտության վրա, տվյալ դեպքում ուկրաինական պատերազմի վրա լուրջ դիվիդենտներ վաստակելով, ինչը Հայաստանի տնտեսությունը արել է այս երեք և ավելի տարիների ընթացքում։ Այսինքն արտարժույթի մեծ ներհոսք է եկել Հայաստան, եկել են միգրանտներ, որոնք իրենց հետ նաև բերել են ֆինանսական ռեսուրսներ, արժևորվել է հայկական դրամը 20% և ավելի, նվազել է արտաքին պարտքի իրական ծավալը, որովհետև արժևորվել է դրամը։ Դա հնարավորություն է տվել ավելի շատ արտահանման ծավալը ավելացնել, էժանացնել նաև ներմուծումը դրա հաշվին։ Բայց սա շատ վատ է ազդել տնտեսության իրական հատվածի վրա, իրական հատվածը չի զարգացել և չի զարգանում»,– ընդգծեց տնտեսագետը։ նա ուշադրություն հրավիրեց տնտեսական ցուցանիշների վրա, թե որքան է կազմում էլեկտրաէներգիայի արտադրությունը և սպառումը. «Այստեղ մենք լուրջ հետընթաց ունենք։

Նյութն ամբողջությամբ՝  news.am