Պետությունը վաճառում է «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի գույքը

Կառավարությունը եպտեմբերի 11–ի նիստում պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոցի թիվ 4 հասցեում գտնվող 1106.68 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների (պահեստ՝ 968.86 քառ.մետր, պահակատուն՝ 17.95 քառ.մետր, լուսարձակ՝ 21.7 քառ.մ և պարիսպ՝ 98.17 քառ.մ), դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասի, ջրագծի և տրանսֆորմատորի մասին է,  որպես մեկ գույքային միավոր։

Այն կմասնավորեցվի դասական աճուրդով։

Սա «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույք է։ Այս ընկերությունն ընդգրկված է եղել մասնավորեցման ցանկերում։

2025 թվականի հուլիսի 8-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  73 մլն 866 հազար դրամ, որից՝ անշարժ գույքինը՝ 73,1 մլն դրամ։

Նշենք, որ այս գույքը 6 անգամ ներկայացվել է դասական աճուրդով մասնավորեցման, ընդ որում՝ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 83,100.0 հազ.դրամ։ Բոլոր 6 աճուրդները չեն կայացել՝ հայտ չլինելու պատճառով։

Սույն նախագծով առաջարկվում է «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույքը կրկին ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 73,8 մլն դրամ:

Նախագծով նախատեսվում է կազմակերպել 2 աճուրդ՝ նույն պայմաններով: