Խստացնել, բայց միասնական համակարգի ստեղծումից հետո միայն

Հայաստանում առաջիկայում տերմիանալներից ցանկացած վճարում պետք է կատարվի նույնականացումից հետո միայն․ իսկ  պատրա՞ստ է արդյոք համակարգը

 Պահանջը կար 2014 թվականից, բայց այն ավելի արդիական է դարձել վերջին շրջանում։ Խոսքն այս դեպքում նույնականացման պահանջի մասին է՝ վճարային տերմինալներից փոխանցում կատարելիս։ Ընդ որում, բոլորովին կապ չունի, թե փոխանցվող գումարը որքան է՝ 500 դրամ, թե 400 հազար դրամ։

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի և  այն ստացողի նույն անձը լինելու հանգամանքից։

Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է ձեռք բերի, պահպանի և փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում ներառի հետևյալ տեղեկությունները՝ փոխանցում կատարողի և ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը, հաշվեհամարները, իսկ եթե գործարքը չի կատարվում հաշվի օգտագործմամբ՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը։
Նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկը գերազանցող դրամական փոխանցման դեպքում՝ նաև փոխանցում կատարողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը և վայրը՝ ֆիզիկական անձի համար, կամ անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն), կամ գտնվելու վայրի հասցեն՝ իրավաբանական անձի համար։

Նշված իրավական կարգավորումը գործում է 2014 թ. հուլիսի 22-ից։ Վերլուծելով հիշյալ իրավական նորմերը՝ կարելի է եզրահանգել, որ բոլոր բանկային փոխանցումները, այդ թվում՝ վարկի մարման նպատակով կատարված, անկախ նրանից՝ այն իրականացվել է կանխիկ կամ անկանխիկ եղանակով, պետք է պարունակեն դրամական փոխանցում կատարող և ստացող անձի տվյալները։

Ներկայումս ՀՀ Կենտրոնական բանկը ֆինանսական ոլորտի մասնակիցներին պարտավորեցնում է ապահովել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները։

Դրամական փոխանցումներ կատարելիս փոխանցում կատարողի և ստացողի անձնական տվյալների պահպանման և փոխանցման պարտականությունը ենթադրում է, որ ֆինանսական հաստատությունները պետք է իրականացնեն հաճախորդի նույնականացում՝ վերջինից ստանալով անձնագրային տվյալներ և հավաստիանալով դրանց իսկությանը։

Նման պահանջը հիմնականում ազդելու է վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից սպասարկվող ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի (ՖԳԻԱՍ) միջոցով կանխիկով նախաձեռնվող գործարքներ կատարող քաղաքացիների վրա։
Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարք կատարող քաղաքացիներին նույնականացնել, որի համար քաղաքացին ստիպված է լինելու տրամադրել անձնագրային տվյալներ և որևէ կերպ հաստատել իր ինքնությունը։

«Նույնականացման պահանջը վճարային տերմինալների վրա կիրառելը նշանակում է, որ հասարակության շատ լայն շերտերի շատ մեծ անհարմարություն է պատճառվելու», — ejc.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մհեր Գալստյանը։

Նա բացատրում է՝ մարդիկ չեն կարողանալու նույնականանալ, վճարումներ կատարել։ Սա էլ իր հերթին բերելու է մարդկանց հոսքը դեպի բանկեր, իսկ բանկերը համապատասխան գործիքներն ու ռեսուրսը չունեն, որ «մարսեն» կանխիկի մեծ ծավալը։ Այսինքն՝ շղթայական բացասական ռեակցիա է լինելու։
Բացի այդ, ռիսկը մեծ է, որ վճարահաշվարկային կազմակերպությունները խնդիրների առաջ են կանգնելու, և դրանց մի մասը փակման վտանգի տակ է հայտնվելու։

«Վճարահաշվարկային կազմակերպությունների մեծ մասի հիմնական եկամուտը ձևավորվում է վճարային տերմինալների շրջանառությունից՝ միջնորդավճարից։ Նույնականացում պահանջելն այն դեպքում, երբ Հայաստանում դեռևս չկա միասնական նույնականացման համակարգ, լուրջ մարտահրավեր է։ Տարբեր գնահատականներով՝ լավագույն դեպքում տվյալ պահին վճարային տերմինալներից օգտվողների միայն 30 տոկոսը կկարողանա նույնականանալ, ինչը նշանակում է՝ վճարումների ծավալի էական կրճատում»։ — բացատրում է մասնագետը։

Գալստյանը տեղեկացնում է, որ պետական ծրագրեր են աշխատում նույնականացման միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ, բայց աշխատանքները դեռ ավարտված չեն։
«Մեր պահանջն այն է, որ խստացումը սկսի գործել այն ժամանակ, երբ նույնականացման միասնական համակարգը կլինի պատրաստ»,- շեշտում է Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահը։

Նա նաև փաստում է, որ իրենք պատրաստ են ներդնել ջանք և ռեսուրս՝ համակարգը հնարավորինս արագ ստեղծելու համար։

«Ռազմավարական քայլ է»,-ասում է նա ու նշում, որ պետք է գտնել երկրի համար լավագույն լուծումը, որը սպառողներին անհարմարություններ չի պատճառի, իսկ պետության համար կարևորագույն խնդիրներ կլուծի։

Կարևոր է, որ բոլոր մասնակիցները գան մեկ ընդհանուր լուծման, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն տարբեր լուծում է մտածում։ Եթե այդպես շարունակվի, ապա կլինի, որ X բանկի վճարային տերմինալում նույնականացումը մի ձևով է իրականացվում, իսկ մեկ այլ բանկում՝ բոլորովին այլ։

Կախված նրանից, թե քանի կազմակերպություն և ինչպես կստեղծեն համակարգը, միջնորդավճարների բարձրացում նույնպես կարող է տեղի ունենալ։ Գալստյանը բացատրում է՝ համակարգը ծախս է ենթադրում։ Եթե այն իրականացնում է մեկ կամ երկու ընկերություն, ծախսը բաշխվում է նրանց միջև, իսկ եթե շատ են՝ բոլորի միջև։

Այժմ էլ օրենսդրության պահանջ է, որ նույնականացումը կիրառվում է 400 հազար դրամ և ավելի գումար վճարելու դեպքում, սակայն մեկ այլ պահանջ էլ կա՝ չեն կարող թույլ տալ, որ կատարվեն մասնատված վճարումներ, որպեսզի նույն մարդը մի քանի անգամ վճարելով չկարողանա շրջանցել շեմը։