Հայաստանն ավարտում է երկամյա անդամակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդին

ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը սեպտեմբերի 11-ին ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդում, որին Հայաստանի Հանրապետության երկամյա անդամակցությունն ավարտվում է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր պաշտոնավարել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում, իր ներդրումն ունենալ ԱԷՄԳ նպատակների իրագործմանը և նպաստել կենսականորեն կարևոր մանդատի պահպանմանն ուղղված ջանքերին։ Դեսպան Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել անցնող տարվա ընթացքում Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում աշխատելու հնարավորության և վստահության համար։

«Ընդգծվել է, որ Հայաստանը ակտիվ և կառուցողական մասնակցություն է ունեցել Կառավարիչների խորհրդում ընթացող քննարկումներին և որոշումների ընդունմանը, որոնք ձևավորել են ԱԷՄԳ գործունեությունը մարտահրավերներով լի գլոբալ միջավայրում։ Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանն առաջնորդվել է օրակարգային հարցերի և խնդիրների՝ դիվանագիտության, երկխոսության և փոխադարձ հարգանքի հիման վրա հասցեագրման հրամայականով:

Շեշտվել է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով ԱԷՄԳ նպատակներին և սկզբունքներին, վերահաստատում է շահագրգիռ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու և երկխոսությունը խթանելու իր պատրաստակամությունը և կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Կառավարիչների խորհրդի նախագահին, ԱԷՄԳ Գլխավոր տնօրենին, գործընկերներին և քարտուղարությանը համագործակցային աշխատանքի համար: