ԿԲ. «Թրամփի ուղին» դրական է ընկալվում մեր շուկայի կողմից

Թրամփի ուղին» դրական է ընկալվում մեր շուկայի կողմից։ Այսօր նման դիրքորոշում է հայտնել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով ԱՄՆ–ի ֆինանսական աջակցությանը։
«Ինքն իր ազդեցության չափով 145 մլն դոլարը բավականին փոքր գումար է, ՀՀ տնտեսությանը ներկայիս իր ցուցանիշներով կլանելու տեսանկյունից` բավականին փոքր գումար»,– ընդգծեց Գալստյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նման արտաքին ներարկումներն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ մեր տնտեսության և ԿԲ քաղաքականության վրա ընդհանուր առմամբ։
Ըստ նրա` պետք է ընդհանուր նախագիծն ուսումնասիրել` հասկանալու, թե այդ միջոցներն ինչի վրա են ծախսվելու։
«Ընդհանուր ուղերձը, սակայն, որ նման նախաձեռնություն է տեղի ունենում, դրական է ընկալվում մեր շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ հետագայում նորություններ լինեն։ Բացի այդ, խաղաղության պայմանագիրն իր վերջնական, տրամաբանական ավարտին հասնի, որն էլ իր հերթին էապես կբարելավի նաև մեր բիզնես միջավայրը»,– կարծիք հայտնեց ԿԲ նախագահը։